
Շվեդիայում Իսրայելի դեսպանատան մոտ կայրեն հրեական Թորան

Ստոկհոլմի ոստիկանությունը թույլ է տվել ուրբաթ ցույց կազմակերպել, որի ընթացքում Շվեդիայի մայրաքաղաքում Իսրայելի դեսպանատան մոտ կարող է այրվել Թորան: Այս մասին հայտնում է SVT հեռուստաալիքը։
Ցույցի հայտում բացատրվում է, որ կազմակերպիչը հայտարարել է «Թորան կրակայրիչով հրկիզելու» ծրագրերի մասին։ Նա ակցիան անվանում է «Շվեդիայում երեխաների իրավունքների ցուցադրություն, որոնք համակարգված կերպով ոտնահարվում են»։ Ակցիային կմասնակցի չորս հոգի։
Ստոկհոլմի ոստիկանությունն այժմ քննում է սուրբ տեքստերն այրելու մտադրություն արտահայտող գործողությունների մի քանի դիմում։ Խոսքը, ի թիվս այլ բաների, Իրանի դեսպանատան մոտ Ղուրանի այրման մասին է. կազմակերպիչները ծրագրում են ակցիա, որը նման կլինի մայրաքաղաքի մզկիթի մոտ անցկացվծա ակցիային։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ատելություն սերմանելու համար։
Հեռուստաալիքի տվյալներով՝ 50-ամյա մի տղամարդ հայտարարել է Ստոկհոլմի Ռիդդարհոլմեն կղզում Աստվածաշնչի այրմամբ ցույց կազմակերպելու մտադրության մասին։ 30-ն անց մի կին դիմել է Շվեդիայի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան մոտ ցույց անցկացնելու համար, որտեղ հեռուստաալիքի հաղորդմամբ, նա մտադիր է այրել կրոնական տեքստերը և Իրանի դրոշը։
Հունիսի 28-ին, ոստիկանության թույլտվությամբ, Իրաքից ներգաղթած 37-ամյա Սալվան Մոմիկան պոկել է Ղուրանի էջերը և այրել այն Ստոկհոլմի կենտրոնում գտնվող Մեդբորջարպլացեն հրապարակում։ Դա տեղի է ունեցել այն օրը, երբ աշխարհի մուսուլմանները նշում էին Կուրբան Բայրամը` գլխավոր կրոնական տոներից մեկը: Այս ակցիան առաջացրել է իսլամական երկրների, հատկապես արաբական երկրների բնակչության ու իշխանությունների կտրուկ բացասական արձագանքը։ Հուլիսի 20-ին Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան մոտ տեղի ունեցած նմանատիպ ցույցի ժամանակ Մոմիկան ոտքով հարվածել է սուրբ գրքին, սակայն այն չի այրել: Բաղդադում Շվեդիայի դեսպանատան վրա հարձակվել են ցուցարարները, Իրաքի կառավարությունը որոշել է վտարել թագավորության դեսպանին։
Ավելի վաղ Շվեդիայի ԱԳՆ-ն մեկնաբանել էր, որ «շվեդական կառավարությունը կտրականապես մերժում է Շվեդիայում անհատների կողմից իրականացված իսլամաֆոբիայի ակտը», և որ դա «ոչ մի կերպ չի արտացոլում Շվեդիայի կառավարության կարծիքը»: