Հղիներն անասելի դժվարություններով են հասնում Ստեփանակերտ. Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է հանրային տրանսպորտի աշխատանքի դադարեցման, շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների սղության հետևանքով առաջացած խնդիրներին, բուժհաստատություններում տիրող իրավիճակին և  Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ասկերանցիների շարունակվող նստացույցին:

 

-Պարոն Ապրեսյան, հուլիսի 25-ից Արցախում վառելիքի գերսղության պատճառով դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: Ասկերանի շրջանի բնակիչները ևս ամբողջապես զրկված են առողջական, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով Ստեփանակերտ հասնելու հնարավորությունից: Ի՞նչ խնդիրների է այս հանգամանքը հանգեցրել շրջանում և ի՞նչ կարող է տեղի ունենալ նման իրավիճակի շարունակվելու դեպքում:

 

-Հանրային տրանսպորտի աշխատանքի դադարեցմամբ Ասկերանն ամբողջությամբ պարալիզացվել է` խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը ևս։ Հույժ անհրաժեշտության դեպքում այս օրերին մարդիկ հաճախ ոտքով են հասնում Ստեփանակերտ։ Հաշված օրերի ընթացքում կսպառվեն նաև բնակիչների` նեղ օրվա համար նախատեսված վառելիքի խնայողությունները։ Այս իրավիճակի երկարատև շարունակումն աղետալի և անդառնալի հետևանքի պատճառ կարող է դառնալ։ 

 

-Շրջանի կամ գոնե շրջկենտրոնի հողօգտագործողները կարողանո՞ւմ են ինչ-որ կերպ իրացնել իրենց արտադրանքը: Ի՞նչ խնդիրների են բախվում նրանք այս օրերին:

 

-Շրջանի հողօգտագործողներն անցել են խիստ խնայողության ռեժիմի, որպեսզի կարողանան իրենց արտադրանքը մայրաքաղաք հասցնել, չէ՞ որ քաղաք կերակրողը գյուղն է։ Սակայն այդ խնայողություններն էլ անսպառ չեն։ Այս օրերին Արցախում բոլոր ոլորտներում էլ խնդիրներ կան, որոնցից կարևորագույնը կապված է բնակիչների առողջության հետ։ 

 

-Մթերքի ու դեղորայքի վիճակն ինչպիսի՞նն է շրջանում, առաջին անհրաժեշտության ո՞ր ապրանքներ են հիմա բացակայում, որո՞նք են սպառման եզրին և ի՞նչ հումանիտար իրավիճակի են հանգեցրել այդ խնդիրները բնակչության համար:

 

 -Ինչպես և ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մեր շրջանում, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքներն էլ բացակայում են՝ շաքարավազ, ձեթ, մանկական սնունդ, քաղցրավենիք ու այս շարքը շատ երկար է։ Դեղորայքի հետ խնդիրներ կարծես թե, այս պահին չկան, սակայն դա ևս օրերի հարց է։

 

-Ի՞նչ վիճակում են հայտնվել շրջանի բուժհաստատությունները՝ գյուղական բնակավայրերում բուժկետերը, իսկ շրջկենտրոնում շրջբուժմիավորումը ի՞նչ հրատապ խնդիրների մասին են բարձրաձայնում: Ինչպե՞ս է կազմակերպվում գյուղական բնակավայրերից հիվանդների տեղափոխումը շրջկենտրոն կամ Ստեփանակերտ՝ եթե հրատապ անհրաժեշտություն է առաջանում:

 

 -Նման իրավիճակի երկարատև շարունակման դեպքում սակավ դեղորայքի պաշարները ևս սպառվելու են։ Այս ամենի հետ կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ շրջբուժմիավորման բժիշկ-մասնագետները ժամանում են Ստեփանակերտից։ Վերջին շրջանում ավելացել են շտապ օգնության կանչերը։ Գյուղական համայնքների բուժկետերի աշխատողներն արագ արձագանքում և ցուցաբերում են առաջին օգնությունը, առավել հրատապ դեպքերում օգնությունն իրականացվում է շրջբուժմիավորման շտապ օգնության կողմից։ 

 

 -Շրջափակման վերջին ամիսների ընթացքում եղե՞լ է, որ դեռևս չծնված երեխաների մահացության կամ այլ արտառոց դեպքեր են արձանագրվել՝ սննդի ու դեղորայքի սղության պատճառով:

 

-Սթրեսային իրավիճակները, թերսնվածությունն ու անորոշությունը անդառնալի հետևանքների պատճառ են դարձել։ Նման պայմաններում շրջանի որևէ բնակավայրից շրջկենտրոն կամ անհրաժեշտության դեպքում մայրաքաղաք հասնելու համար հղի կինը անասելի դժվարությունների է հանդիպում, ինչն էլ հաճախ հանգեցնում է դեռևս չծնված երեխաների մահացության։ Ու վերջերս, համապատասխան մասնագետների հավաստմամբ, շրջանում բավականին աճել է նման դեպքերի քանակը։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն