
Ինչ դեղեր են ուղարկվում Արցախ

400 տոննա կշռով հումանիտար բեռի մեջ, որն այս պահին ուղարկվում է դեպի Կոռնիձորի սահմանային հատված, կան շուրջ 200 անվանում դեղորայք և բժշկական նշանակության այլ միջոցներ: Այդ մասին «Լուրերի» թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:
«Դրանք հիմնականում խիստ անհրաժեշտ դեղորայք են՝ հակաճնշումային դեղորայք, հակացնցումային դեղորայք, հոգեմետ դեղեր, անզգայացնող նյութեր, ունենք նաև հակաուռուցքային դեղեր:
Հաշվի առնելով, որ երկար ժամանակ ԼՂ դեղի մատակարարումն ընդհատված է եղել, ունենք մի շարք քրոնիկական հիվանդներ: Այդ քրոնիկական հիվանդների առաջնահերթ դեղերն ենք փորձում ապահովել այս հումանիտար աջակցությամբ»,- ասել է Նազարյանը:
Ըստ նրա՝ այս կերպ ամենևին չի լուծվի առողջապահական հումանիտար ճգնաժամը, որը ներկա պահին կա ԼՂ-ում:
«Մենք հիվանդանոցներում ունենք տասնյակ հիվանդներ, որոնք խիստ տեղափոխման կարիք ունեն դեպի երևանյան նեղ մասնագիտացված կլինիկաներ: Մենք խնդիր ունենք շտապօգնության աշխատանքի, քանի որ վառելիքի պակասի պատճառով շտապօգնության մեքենաներն են սկսել չաշխատել: Մի խոսքով՝ մենք ունենք տոտալ առողջապահական ճգնաժամ, որը պետք է փորձենք ամեն գնով հանգուցալուծել, և այս դեղորայքի մատակարարումը որոշակիորեն թոթափելու է առողջապահական բեռը ԼՂ-ում»,- ասել է նա:
Մարդասիրական օգնության մեջ կան առաջին օգնության, մանկական և մեծահասակների համար նախատեսված դեղեր` ըստ ստորև ներկայացված խմբերի.
Հակամանրէային դեղեր
Սիրտ-անոթային հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվող դեղեր
Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր
Հորմոններ
Անզգայացնող, ցավազրկող դեղեր
Ներարկման դեղեր
Ալերգիայի, անաֆիլաքսիայի դեղեր
Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր
Հակավիրուսային
Հակահիստամինային
Հակասնկային
Հակահերպեսային
Հեպատոպրոտեկտորներ
Հակամիգրենային
Հակաուռուցքային
Ակնաբուժական
Ախտահանիչներ
Աղեստամոքսային
Միզամուղ
Հակաբորբոքային
Հակափսխեցուցիչ
Հոգեմետներ: