Վրաստան մեկնած լեհ բժիշկներից մեկը փորձել է ապօրինի դուրս հանել Սաակաշվիլիի անալիզի նմուշը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի ուսումնասիրությամբ զբաղվող լեհ բժիշկներից մեկը փորձել է Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայից հանել Վրաստանի նախկին առաջնորդի անալիզի նմուշը՝ թաքցնելով այն կոշիկի մեջ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ 

«Լեհ բժիշկներից մեկի կողմից անհասկանալի դեպք է տեղի ունեցել, մասնավորապես, դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիից վերցված նմուշը, լեհ բժիշկը թղթի մեջ փաթաթել և փորձել է գաղտնի հանել այն՝ թաքցնելով այն կոշիկի մեջ»,- ասել է Բրեգաձեն։ 

Երկրի արդարադատության նախարարությունը հրապարակել է կադրեր, որոնք ցույց են տալիս միջադեպը։ Բրեգաձեն հրապարակավ դիմել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն և խնդրել Վրաստանի ԱԳՆ-ին հետաքրքրվել պաշտոնական Վարշավայի դիրքորոշմամբ այս միջադեպի վերաբերյալ։ 

Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին չորեքշաբթի հայտարարել է, որ բժիշկներ է ուղարկել Վրաստան՝ Սաակաշվիլիին հետազոտելու համար։ Բժիշկները չորեքշաբթի մինչև ուշ երեկո եղել են «Վիվամեդ» կլինիկայում։ 

Քաղաքականություն