
Իրաքը հետաքննություն է սկսել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ելիզավետա Ցուրկովայի առևանգման գործով

Իրաքի իշխանությունները հետաքննություն են սկսել Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Ելիզավետա Ցուրկովայի առևանգման գործով, որը տեղի է ունեցել այս տարվա մարտին Բաղդադում, գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Բաղդադի տվյալները։
Ըստ Իրաքի կառավարության խոսնակ Բասեմա ալ-Ավադիի՝ «Իրաքի կառավարությունը պաշտոնական հետաքննություն է անցկացնում միջադեպի առնչությամբ»։
«Հաշվի առնելով այս գործի հանգամանքները, դրա բարդությունը՝ այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի լինի, քանի դեռ Իրաքի կառավարությունը չի ավարտել պաշտոնական հետաքննությունը և եզրակացություններ արել»,- ասել է նա։
36-ամյա Ցուրկովան՝ Փրինսթոնի համալսարանի ուսանողուհին, Twitter-ի իր էջում նշել է, որ հետաքրքրված է մարդու իրավունքների հարցերով։ Էջը չի թարմացվել 2023 թվականի մարտից։
Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ցուրկովան երկար ժամանակ եղել է Բաղդադում՝ մինչ անհետանալը, նա հարցազրույց է վերցրել տեղի շիաների առաջնորդ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցներից։ Բացի այդ, ԶԼՄ-ները հայտնել են, որ Ցուրկովային իբր առևանգել են Իրանի հետ կապեր ունեցող ռազմական խմբավորման անդամները:
Իսրայելի իշխանությունները նաև հայտնել են, որ Ցուրկովան Իրաք է մտել ռուսական անձնագրով, և որ նախկինում դա եղել է բազմիցս։
Արաբական լրատվամիջոցների աղբյուրները կարծում են, որ նրա առևանգումը կարող էր համաձայնեցված լինել Իրանի իշխանությունների հետ, և որ նա կարող է օգտագործվել Իսրայելի հետ գերիների փոխանակման համար։