
Արքայազն Հարրին մտադիր է եղել հարցազրույց վերցնել Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից և Մարկ Ցուկերբերգից

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի որդին՝ արքայազն Հարրին, իր փոդքասթի համար ցանկացել է հարցազրույց վերցնել Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից և Մարկ Ցուկերբերգից ։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։
Հրատարակության տվյալներով՝ արքայազնն իր ծրագրերը քննարկել է մի շարք ամերիկյան պրոդյուսերների և պրոդյուսերական տների հետ, որոնք պետք է օգնեին նրան Spotify ծառայության համար հեղինակային փոդքասթ պատրաստել։
Արքայազն Հարրին պատրաստում էր փոդքասթ, որը սերտորեն կապված էր լինելու հայրության թեմայի հետ։ Չարլզ III-ի որդին մտադրված էր հարցազրույց վերցնել «հակասական գործիչներից» իրենց մանկության մասին հասկանալու համար, թե ինչպես կարող էին նրանց հարաբերությունները ծնողների հետ և մանկության փորձառությունները ձևավորել նրանց անհատականությունը: Արքայազնի փոդքասթը երբեք իրականություն չի դարձել:
Պրոդյուսերներից շատերը, որոնց հետ Հարրին զրուցել է, նրա գաղափարները հակասական և անիրատեսական են համարել: