Իմ խնդրանքն է մեր հայրենակիցներին՝ զանգեք Արցախում ապրող ձեր բարեկամներին, ծանոթներին․ Արցախի թեմի առաջնորդ

Բոլորը քաջատեղյակ են Արցախում տիրող վիճակից։ Իրոք, բավականին ծանր կացության մեջ ենք՝ այն իմաստով, որ Ադրբեջանը քայլ առ քայլ սեղմում է օղակը։ Այս իրավիճակում նրանք, ովքեր կամքից ուժեղ են, կարողանում են ճիշտ գնահատել իրավիճակը ու չկոտրվել։ Բայց, բնականաբար, արդեն ավելի քան վեց ամիս տևող պաշարման պայմաններում բոլորը չեն, որ կարողանում են միշտ սթափ դատել․ հոգով տկարներ էլ կան։ Ըստ այդմ՝ շատ կարևոր է, որ այս դժվարին փուլում Հայաստանում և Սփյուքում ապրող մեր հայրենակիցներն անտարբեր չգտնվեն և ցույց տան, որ Արցախի իրենց քույր-եղբայրների կողքին են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
 

«Իմ խնդրանքն է, որ Հայաստանի, Սփյուռքի մեր հայրենակիցները հեռախոսները վերցնեն ու զանգեն Արցախում ապրող իրենց բարեկամներին, ծանոթներին, ընկերներին․․․ Մարդիկ շատ են զգում այդ ուշադրության, արձագանքի կարիքը։ Երբ մտավորականները, հասարակության կողմից հարգված, ճանաչված մարդիկ ահազանգում են արցախահայության կացության մասին, այստեղ ապրողները սփոփվում են, որոշ չափով մխիթարվում, իսկ երբ դադար են վերցնում ու անտարբերություն ցուցաբերում, մարդիկ ընկճվում են, մտածում են, որ մենակ են մնացել․․․ Ինձ էլ, որ տարբեր տեղերից զանգում են, ոգևորվում եմ»,- ասում է Սրբազանը։
 

Ադրբեջանի ագրեսիվ ու ծրագրավորված հայատյաց քաղաքականության դիմաց մեր խիստ պասիվ գործելաոճն Արցախի թեմի առաջնորդն անթույլատրելի է համարում։ Թշնամու հետզհետե ավելացող ագրեսիայի պատճառներից մեկը համարելով Արցախին թիկունք չկանգնելու Հայաստանի պահվածքը՝ Սրբազանը ցավով նկատում է՝ սխալ ճանապարհով ենք գնում։
 

«Մենք լրջորեն պետք է մտածենք, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած։ Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է, իսկ մենք կցոդի դերում ենք այսքան ժամանակ․ կիսատ-պռատ պատասխաններ ենք տալիս, մինչդեռ վաղուց պետք է նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնեինք, դառնայինք թելադրող․․․ Ինչքա՞ն կարելի է կցորդի դերում լինել ։ Վերջ ի վերջո, պետք է, չէ՞, ցույց տալ, որ հայ ժողովուրդը պոտենցիալ ունի, որ Հայաստանն Արցախի կողքին է։ Սա այն հարցն է, որ պետք է կուսակցական հայացքները մի կողմ դնել ու համախմբվել։ Ես ճգնաժամից դուրս գալու այլ ճանապարհ չեմ տեսնում։ Միայն պառակտվածությանը վերջ տալով կարող ենք փրկել Արցախը»,-շեշտում է Սրբազանն ու հավելում՝ իշխանական, թե ընդդիմադիր, օր առաջ Արցախի փրկության գաղափարի շուրջ պետք է համախմբվեն։
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Քաղաքականություն