Ինչ խնդիրների են բախվում Հայաստան ու Վրաստան ներգաղթած ռուսները. հետազոտություն

Արևելաեվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնը հրապարակել է «Ռուսները՝ Հարավային Կովկասում» զեկույցը՝ հիմնվելով Հայաստանում ու Վրաստանում ռուս ներգաղթյալների շրջանում անցկացված հարցումների վրա: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

 

Ուկրաինա՝ ռուսական զինուժի լայնածավալ ներխուժումից հետո, Վրաստանն ու Հայաստանը ռուս ներգաղթյալների նախընտրած ուղղություններից են, որոնք տեղափոխվում են հարավկովկասյան երկրներ մշտական կամ ժամանակավոր բնակության համար՝ նշված է Արևելաեվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի՝ «Ռուսները՝ Հարավային Կովկասում» զեկույցում։ Զեկույցի հիմքում Հայաստանում ու Վրաստանում ռուս ներգաղթյալների շրջանում անցկացված հարցումներն են:

 

«Վրաստանը ցամաքային սահման ունի Ռուսաստանի հետ, իսկ օդային ճանապարհով Հայաստան հասնելը դյուրին է Մոսկվայից կամ այլ բնակավայրերից: Այս երկրներն ունեն ներգաղթի այնպիսի քաղաքականություն, որը չափազանց ձեռնտու է ռուսներին»,- «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանն ասել է զեկույցի համահեղինակ Ջորջ Սորոկան:

 

Ըստ զեկույցի, ներգաղթյալների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի խոշոր քաղաքներից են՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Եկատերինբուրգ և այլն:

 

«Հատկանշական է, որ ընտանիք ունեցող անձինք հակված էին ներգաղթել Վրաստան։ Մինչդեռ, միայնակները կամ առանց երեխաների մեկնողները նախընտրել են Հայաստանը»,- նկատում է Ջորջ Սորոկան:

 

Նրա պնդմամբ, Հայաստանը նախընտրելի ներգաղթի ուղղություն էր անմիջապես պատերազմի բռնկումից հետո՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Մինչդեռ, Վրաստանի դեպքում ավելի շատ են Ռուսաստանում մասնակի զորահավաքից հետո՝ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին հեռացածները:

 

«Կարծում եմ, մեծ հաշվով, դա պայմանավորված էր մասնակի զորահավաքի հայտարարումից հետո ավիատոմսերի գների կտրուկ աճով և, իհարկե, Վրաստանի՝ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի առկայությամբ»,- ասում է Սորոկան:

 

Զեկույցի համաձայն, հարցման մասնակիցների կեսից ավելին չեն որոշել, թե որքան ժամանակով են լքել Ռուսաստանը։ Այս հանգամանքը, ըստ զեկույցի մեկ այլ համահեղինակ Ֆելիքս Քրավաթեքի, վկայում է անորոշության մասին: Հայաստանն ու Վրաստանը որպես մշտական բնակության վայր դիտարկողների թվերը կարող են ապագայում փոխվել՝ բազմաթիվ գործոնների պատճառով․ օրինակ, ֆինանսական միջոցների բացակայություն, այլ երկիր տեղափոխվելու անկարողություն կամ շենգենյան վիզա ստանալու դժվարություն:

 

«Հայաստանում նրանց՝ 20 տոկոսը պնդում է, որ ընդմիշտ է լքել Ռուսաստանը և, չի բացառվում, որ նրանք իրենց կյանքը կապում են Հայաստանի հետ։ Մինչդեռ, Վրաստանում այդ թիվը զգալիորեն պակաս է, ինչը կարող է նշանակել, որ նրանք Վրաստանը դիտարկում եմ որպես տարանցիկ երկիր»,- պնդում է Ֆելիքս Քրավաթեքը «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում:

 

Երկու երկրներում էլ, ըստ զեկույցի, ներգաղթածները բախվել են որոշակի հոգեբանական և նյութական դժվարությունների, ներառյալ՝ տուն կամ աշխատանք գտնելու խնդիրներ, որոնց փնտրտուքի ժամանակ հանդիպել են որոշակի խտրական վերաբերմունքի։

 

«Ընդհանրապես, օտարերկրացիների համար ավելի դժվար է ապրելու տեղ գտնելը։ Կացարան գտնելու հարցը որպես մարտահրավեր նշել են Հայաստանում ռուսների գրեթե կեսը։ Մինչդեռ, Վրաստանում այդ ցուցանիշը մի փոքր ավելի ցածր է... ։ Մեկ այլ հարց, որը կարող է կապված լինել խտրական վերաբերմունքի հետ, աշխատանքի շուկան է: Երկու երկրների պարագայում էլ այն մարտահրավեր էր, քանի որ երկու պետություններում էլ յուրաքանչյուր չորրորդ հարցվածը նշել է, որ դժվարություններ է ունեցել ցանկացած տեսակի աշխատանք գտնելիս: Այն, իհարկե, խտրականության ուղիղ արտացոլում չէ, սակայն աշխատաշուկա մուտք գործելու համար նույնպես որոշակիորեն կարևոր է տեղական համայնքին պատկանելը»,- ասում է Քրավաթեքը:

 

Ըստ զեկույցի, Հայաստանում հարցվածների 27%-ը գտնում է, որ իրենք այլևս պատասխանատու չեն Ռուսաստանի քաղաքական ապագայի համար։ Մինչդեռ, Վրաստանում այդ թիվը կազմում է 19%: Ներգաղթյալների տեսակետները ռուսական պետական կառույցների վերաբերյալ գերազանցապես բացասական են, հատկապես՝ Հայաստանում: Այստեղ հարցվածների 66%-ը դրական է գնահատել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի դերը, Վրաստանում այդ թիվը կազմել է 46%:

 

«Հայաստանում հարցման մասնակից ռուսների 80%-ը շատ բացասական կարծիք ունի Ռուսաստանի նախագահի վերաբերյալ։ Դրանք այն մարդիկ են, ովքեր խզել են կապը ռուսական պետական կառույցների հետ: Չափազանց փոքր է նրանց վստահությունը ռուսական պետական հաստատությունների նկատմամբ: Վրաստանում այս ցուցանիշը մի փոքր ավելի պակաս է»,- նշում է Ֆելիքս Քրավաթեքը:

 

Մանրամասները` սկզբնաղբյուրում: 

 

Քաղաքականություն

Պատահարներ