ԵՄ առաքելությունը 3 օպերատիվ կենտրոն կհիմնի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում

Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը (EUMA) ծրագրում է առաջիկա ամիսներին երեք հավելյալ օպերացիոն հանգույց հիմնել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում՝ աստիճանաբար հասնելով մոտ ապագայում լիարժեք օպերացիոն հնարավորության: Այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ԵՄ պատվիրակությանը հյուրընկալելու ժամանակ:

 

Ռիտերը նրանց ներկայացրել է քաղաքացիական առաքելության մադատն ու գործունեությունը: Նրա խոսքով՝ գործունեության առաջին եռամսյակում առաքելությունն իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում իր հանգույցներում: Ամեն շաբաթ պարեկներն անցնում են ավելի քան 3800 կմ տարածություն:

 

«Մեր նպատակն է, ի թիվս այլնի, նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն», - ավելացրել է պարոն Ռիտերը:

Քաղաքականություն