Ալավերդի քաղաքում քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել
ՀՀ Լոռու մարզում 31–ամյա քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Մասնավորապես, հունիսի 3–ին` ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյանի վարչական տարածքում գնացքը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը տեղում մահացել է։
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ թիվ 3411 Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար 61-ամյա Զավեն Վ․-ն ժամը 22։25-ի սահմաններում երկաթգծի 2609 կմ-ի պիկետ 8՝ Սանահին-Ալավերդի հատվածում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպետշին» ավտոկանգառի հարակից տարածքում նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու, միացրել է ազդանշանի շչակը, սակայն վերջինս չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը՝ դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է»,–գրում է կայքը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ալավերդի քաղաքի բնակիչ 31-ամյա Ժորա Պ-ն է։Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի, նույն տեղում 34-ամյա կին էր ընկել գնացքի տակ ու մահացել։
Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնել էր, որ 2023 թվականին երկաթուղային ենթակառուցվածքում վթարների թիվն աճել է, սակայն թվային տվյալներ չէր հայտնել։
2022 թվականին երկաթուղում գրանցվել է 12 պատահար և անասունների վրաերթի 48 դեպք։ Ընկերությունը նախազգուշացրել է, որ վերջին 15 տարիների ընթացքում գնացքների երթևեկությունը, արագությունն ու քաշը զգալիորեն աճել են։ Ներկայում որոշ մարդատար գնացքների արագությունը մերձքաղաքային երթևեկում կազմում է 100 կմ/ժ, իսկ բեռնատար գնացքները տեղափոխում են մինչև 4500 տոննա քաշով բեռ, այդ պատճառով արգելակման ուղին դարձել է մոտ 500 մետր։