![«Սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք». Մանուկյանը` Քոչարյանին](https://auroranews.am/storage/img/base_image/old/df5a7a2501362c3a61828abac227ca8d.webp)
«Սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք». Մանուկյանը` Քոչարյանին
![«Սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք». Մանուկյանը` Քոչարյանին](https://auroranews.am/storage/img/base_image/old/df5a7a2501362c3a61828abac227ca8d.webp)
Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը որոշելու համար կարելի է օրենք խախտել.
Պարո՛ն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք, փորձեք ճշտել՝ ոստիկանները կարող են բռնել, թե ոչ: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Մինչ այդ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե պարեկների աշխատանքի արդյունավետությունը ստուգելու համար մեկ մեքենայի մեջ երթևեկող պատգամավորներով գերազանցել են արագությունը և մարզային ճանապարհային ոստիկաններն իրենց չեն կանգնեցրել, բայց Երևանում պարեկները կանգնեցրել են և վարչական ակտ գրել:
Գեղամ Մանուկյանն ասել է, թե տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ներքին գործերի նախարարությունը՝ Պարեկային ծառայության ՆԳՆ-ն է. «ՆԳՆ-ն տարբեր ստորաբաժանումներ ունի, այդ թվում զոհվածների ծնողներ ծեծող կարմիր, սև բերետավորներ, որոնք արդեն տևական ժամանակ ընդդիմադիր գործիչներ, այդ թվում նաև պատգամավորների նկատմամբ բռնություն են գործադրում և պատասխանատվության չեն ենթարկվում: Անուն-ազգանուններով հայ ժողովուրդը գիտի՝ Ջոմարդյան Հայկազը դարձել է մարմնացումն անօրինականության, թե ինչպես կարելի է ուսադիր կրել ու տևական ժամանակ իշխանության բռնաճնշումների գործիք լինել»,-ասել է Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորը ՆԳՆ բյուջեից կատարողականը զեկուցող նախարարի տեղակալ Արա ֆիդանյանին հարցրել է, թե կա՞ թիվ, թե պարեկային ծառայության համար նոր ձեռք բերված մեքենաների քանի տոկոսն է վթարվել և խափանված կանգնած:
Մանուկյանը նաև հետաքրքրվել է՝ բյուջեի կատարողականի վերլուծության մեջ կա՞ համեմատական պատկեր, թե ՆԳՆ-ի բյուջեից քանի տոկոսն է հատկացվել 2022 թվականին Նիկոլ Փաշինյանի անշփում տեղափոխումն ապահովելու համար:
Ֆիդանյանն ասել է, որ անընդունելի է ոստիկանության ծառայողների անձնական տվյալների հարպարակումը և վստահեցրեց, որ եթե լինում են իրավասությունների վերազանցում, ապա իրենք և իրավապահ այլ մարմիններ դրանով զբաղվում են:
ՆԳՆ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ 67 վթարված պարեկային մեքենաներ ունեն, որոնք հիմնականում սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքների հետևանք են:
Ֆիդանյանը վերջում վստահեցրել է, որ ոստիկանությունը իրականացնում է բացառապես հասարակական կարգի պահպանում: