«Միայն նա կարող է իրականությունը պատմել». Զախարովան առաջարկ է ներկայացրել ամերիկացի սենատորին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմին առաջարկել է պարզաբանել, թե իրականում ինչ նկատի ուներ, երբ խոսում էր ԱՄՆ-ն ծախսերի ու ռուսների մահվան մասին։

 

Համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում ամերիկացի սենատորն ասում էր, թե ԱՄՆ-ն երբեք այսքան հաջող գումար չի ծախսել, քանի որ այդ ծախսերի արդյունքում ռուսներ են մահանում: Ավելի ուշ որոշ արևմտյան ԶԼՄ-ներ հայտնեցին, որ իրականում սենատորի խոսքերը տարբեր տեղերից «կպցրել» են իրար, իբր ռուսների մահվան մասին հայտարարությունները ուղղակիորեն չեն վերաբերել ամերիկյան միջոցների հաջող ծախսման մասին նրա հայտարարությանը, ինչպես դա ի սկզբանե ներկայացրել է Կիևը:

 

«Ամերիկյան, բրիտանական անգլո-սաքսոնական լրատվամիջոցները մեզ հիմա փորձում են համոզել, թե իբր սենատոր Գրեհեմի հայտարարությունը համատեքստից դուրս է բերվել, նույնիսկ մոնտաժված է Կիևի ռեժիմի կողմից։ Բայց մենք Կիևի ռեժիմի նկատմամբ ոչ մի դատապարտման խոսք չենք լսել։ Բայց ուզում եմ մի բան առաջարկել, կարծում եմ` լավ տարբերակ է: Եթե սենատոր Գրեհեմը կարծում է, որ իր խոսքերը դուրս են բերվել համատեքստից, և ինքն այդպես չի կարծում, նա ունի հայտարարություն անելու բոլոր հնարավորությունները։ Նա կարող է վերցնել հեռախոսը, միացնել տեսախցիկը, ուղղել իր վրա և կարճ տեսագրություն ձայնագրել։ Եվ միայն այդ ժամանակ մենք բոլորս կիմանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել», - առաջարկել է Զախարովան տեսանյութում, որը հրապարակել է տելեգրամյան ալիքում։

 

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն սենատոր Լինդսի Գրեհեմի հայտարարություններն արդարացնելու փորձերը որակել էր ցինիկ և ամոթալի: Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Լինդսի Գրեհեմին պաշտպանելու անհեթեթ փորձերի հետ կապված ամբողջ պատմությունը ևս մեկ հարված է «Ռոյթերսի» և «Բի-Բի-Սի»-ի առանց այն էլ վնասված վարկանիշին, որոնք ստիպված են եղել «տակից դուրս գալ» և՛ Վաշինգտոնի, և՛ Կիևի համար:

 

ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը երեկ հանձնարարել է ամերիկացի սենատոր Գրեհեմի ռուսատյաց արտահայտությունների փաստով քրեական գործ հարուցել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Shot տելեգրամյան լիքի հետ զրույցում մեկնաբանել է Գրեհեմի` «ռուսների մահվան» մասին ասածը նշելով, որ երկրի համար մեծ խայտառակություն է նման սենատոր ունենալը: