Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել Մոսկվայի բացասական արձագանքի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են լրագրողների հարցերին՝ Վաշինգտոնում ընթացող Հայաստան-Ադրբեջան երկխոսության մասին:
Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնն ընդգծել են ԱՄՆ հանձնառությունը խաղաղ կարգավորմանը և տեղեկացրել, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումների շարք կունենան Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում: Բոնոյի խոսքով՝ կողմերը խոստովանել են, որ սա առաջին անգամն է, որ նրանք հանդիպում են հաջորդաբար մի քանի օրվա ընթացքում: Նա շեշտել է՝ քննարկումներն ընթանում են շատ կառուցողական:
Ամերիկայի ձայնը նաև հայտնում է, որ Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր» փաստաթղթի շուրջ: ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները մանրամասներ են հաղորդել բանակցություններից։
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ, լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցի ընթացքում հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները: Քննարկումները կողմերի միջև, որոնք մեկնարկել են այսօր առավոտյան, ընթանում են կառուցողական, հայտնել է Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն:
Ըստ բարձրաստիճան դիվանագետների՝ Միացյալ Նահանգները հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային, իսկ ուղիղ երկխոսությունը միակ ճանապարհն է հիմնախնդիրների կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար, որին նպաստում է Վաշինգտոնը:
Բանակցություններն ընթանում են մայրաքաղաք Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում: Երեկ առավոտյան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն հյուրընկալել էր արտգործնախարարներ Միրզոյանին և Բայրամովին՝ նախ առանձին կարճ հանդիպումների, իսկ այնուհետև եռակողմ քննարկումների ձևաչափով:
Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի բացասական արձագանքի կապակցությամբ: Ամենակարևորն այն է, որ կողմերը կարողանան շփվել միմյանց հետ, որտեղ էլ դա տեղի ունենա՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում, նշել են բարձրաստիճան դիվանագետները՝ շեշտելով՝ Վաշինգտոնի նպատակն է հարթակի տրամադրումը՝ տևական, հավասարակշռված և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։
Բոնոյի խոսքով՝ Մյունխենի հանդիպումն ակնհայտ է դարձրել, որ կողմերը հանձնառու են խաղաղության գործընթացին, որը Բոնոն որակում է շատ բարդ և համապարփակ: Քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը: Բոնոն նշում է, որ ԱՄՆ-ն ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում: Սա բարդ գործընթաց է և համապարփակ, որի շրջանակում քննարկվում են բոլոր հարցերն, ասում է նա։
Պետքարտուղաության ներկայացուցչի խոսքերով՝ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավուքներին ու անվտանգությանը:
Լաչինի միջանցքի մասին խոսելիս՝ ամերիկյան կողմը վերահաստատել է, որ Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ պարզ մատնանշել է Լաչինի միջանցքով առևտրային, մարդասիրական ազատ տեղաշարժի ապահովման կարևորությունը և շարունակում է ներգրավված մնալ այդ քննարկումներում՝ ակնկալելով, որ շուտով տեղաշարժը միջանցքով կվերականգնվի:
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը նաև հույս է հայտնել, որ կողմերն այս շաբաթվա ընթացքում «անմիջական և անկեղծ» քննարկումներ կունենան՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար: Հանձնառու ենք աջակցել այդ գործընթացին և պատիվ ունենք հյուրընկալելու այստեղ կարևոր այս երկխոսությունը, որը կարող է շարունակվել, ընդգծել է փոխպետքարտուղարի տեղակալը՝ կարևորելով բանակցությունների շարունակական բնույթը:
Նմանատիպ հոդվածներ
Արդյո՞ք ԱԳ նախարարների բանակցությունները մի քանի օր կտևեն
Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել է, թե ԱՄՆ–ը հավատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է...
Երևանը շահագրգռված չէ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմամբ. Էրդողանի վարչակազմ
Հայաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերով, Թուրքիայի նախագահի աշխատակազմից...
Համաձայնության հասնելու լավագույն միջոցը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցությունները, առանց միջնորդների և խ...
Արայիկ Հարությունյանը՝ Ալիևի հայտարարությունների, ընդհանուր իրավիճակի մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արձանագրում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ար...