Համացանցում են հայտնվել Պենտագոնի հույժ գաղտնի փաստաթղթերը․ ինչ է պարզվել․ CNN
Պենտագոնի հույժ գաղտնի փաստաթղթերը, որոնք վերջերս հայտնվեցին սոցցանցերում, ցույց են տալիս ԱՄՆ լրտեսական գործունեության ծավալները, որը հետևում է ոչ միայն հակառակորդներին, այլև հիմնական դաշնակիցներին, հաղորդում է CNN-ը:
Սա մեծապես անհանգստացրել է ԱՄՆ պաշտոնյաներին, ովքեր մտավախություն ունեն, որ բացահայտումները կարող են վտանգի ենթարկել գաղտնի աղբյուրները և կարևոր միջազգային հարաբերությունները:
The New York Times-ն առաջինն էր, որ զեկուցեց սոցցանցերի փաստաթղթերի մասին, որոնց իրական լինելու մասին հայտնում են ամերիկացի պաշտոնյաները: Պարբերականը զգուշացրել է, որ «դա կարող է վնասել դիվանագիտական հարաբերություններին», և որ «տեղեկատվության արտահոսքն արդեն բարդացրել է հարաբերությունները դաշնակից երկրների հետ և կասկածներ է առաջացրել Ամերիկայի՝ իր գաղտնիքները պահելու ունակության վերաբերյալ»։
Le Monde-ը գրել է, որ Ֆրանսիայի կառավարությունն անցյալ շաբաթ ստիպված է եղել հերքել այն տեղեկությունը, թե ֆրանսիացի զինվորները գտնվում են Ուկրաինայի տարածքում։
«Ֆրանսիական զորքերը չեն մասնակցում Ուկրաինայում գործողություններին»,- թերթին ասել է զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն։
«Տվյալ փաստաթղթերը ֆրանսիացի զինվորականներից չեն, մենք չենք մեկնաբանում այն փաստաթղթերը, որոնց աղբյուրն անհայտ է»,- հավելել են նրանք։
Սակայն «բազմաթիվ արտահոսած փաստաթղթերից (...), որոնք տարածվել են համացանցում, ենթադրվում է, որ ֆրանսիացի զինվորները ներկա են Ուկրաինայի մարտադաշտում»,- գրում է Politoco-ն։
Ինչպես նշում է The Guardian-ը, լուսանկարչական փաստաթղթերից մեկի հիման վրա կարելի է եզրակացնել, որ «Ուկրաինայում արդեն գործում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի և Լատվիայի հարյուրից պակաս հատուկ գործողության սպաներից բաղկացած փոքր կոնտինգենտը»։
Սոցցանցերում հրապարակված Պենտագոնի փաստաթուղթը տեղեկատվություն է պարունակում 2022 թվականի աշնանը Սև ծովի վրայով բրիտանական հետախուզական ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, նշում է The Washington Post-ը։
Թերթի տվյալներով՝ գաղտնի փաստաթուղթը պնդում է, որ ռուսական կործանիչը անցյալ տարվա սեպտեմբերին իբր «գրեթե խոցել է բրիտանական Rivet Joint (...) հետախուզական ինքնաթիռը Ղրիմի ափերի մոտ»։ 2022 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Համայնքների պալատին ասել է, որ ռուսական Սու-27 կործանիչներից մեկը մոտեցել է բրիտանական ինքնաթիռին գրեթե հինգ մետր հեռավորության վրա և, ըստ բրիտանական կողմի, «հրթիռ է արձակել»։ Այնուամենայնիվ, Ուոլեսն այնուհետև այս միջադեպը չի անվանել հետախուզական ինքնաթիռ «խոցելու» փորձ, այլ՝ «տեխնիկական անսարքություն» և նաև նշել, որ դա քննարկել է ՌԴ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Փաստաթուղթը մանրամասն տեղեկատվություն է պարունակում 2022 թվականի սեպտեմբերի 29-ից փետրվարի 26-ը Սև ծովի վրայով արևմտյան ինքնաթիռների հետախուզական թռիչքների մասին։
Արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն միացել են Պենտագոնի կողմից հարուցված հետաքննությանը՝ կապված փաստաթղթերի արտահոսքի ուղիների և աղբյուրների հետ։
Այնուամենայնիվ, արտահոսքի սկզբնական աղբյուրի որոնումը «կարող է դժվար լինել, քանի որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ԱՄՆ զինվորականներ և այլ պետական պաշտոնյաներ ունեն փաստաթղթերին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ անվտանգության թույլտվությունները», - նշում է Associated Press-ը: