Անցած մեկ տարում Չինաստանը Ռուսաստանին 12 միլիոն դոլարի ԱԹՍ է վաճառել. The New York Times

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո չինական ընկերությունները 12 միլիոն դոլարով Ռուսաստանի Դաշնությանը վաճառեցին անօդաչու թռչող սարքեր և դրանց առանձին մասեր: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով ներկրող ընկերություններից մեկից ստացված ռուսական մաքսային տվյալներին։

 

Խոսքը չինացի 70 արտահանողների մասին է, որոնք Ռուսաստանին են մատակարարել 26 տարբեր մակնիշի անօդաչու սարքեր։ Այդպիսի ընկերություններից է DJI-ը, որին թերթն անվանում է անօդաչու թռչող սարքերի ամենահայտնի արտադրողը։ Մատակարարումներն իրականացվել են նաև բազմաթիվ փոքր ընկերությունների կողմից՝ փոքր միջնորդների և արտահանողների միջոցով։

 

DJI-ը հերքում է Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի մատակարարումը: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ 2022 թվականի ապրիլի 16-ից ի վեր իրենք չեն կարողանում գտնել Ռուսաստան ուղիղ առաքումների վերաբերյալ որևէ գրառում։ Ընկերությունը հայտարարել է, որ կուսումնասիրի, թե ինչպես կարող են այլ ընկերություններ անօդաչու սարքեր մատակարարել: DJI-ը պնդում է, որ դադարեցրել է բոլոր բեռնափոխադրումները Ռուսաստան և Ուկրաինա պատերազմի սկսվելուց ի վեր և ունի «մանրակրկիտ արձանագրություններ»՝ երաշխավորելու, որ չի խախտում ԱՄՆ պատժամիջոցները:

 

2020 թվականին ԱՄՆ Առևտրի նախարարությունը DJI-ին ներառեց սև ցուցակ՝ թույլ չտալով ամերիկյան ընկերություններին առանց հատուկ թույլտվության տեխնոլոգիա վաճառել ընկերությանը։ Սակայն, ինչպես նշում է The New York Times-ը, այդ միջոցը քիչ բան արեց արդյունաբերության մեջ DJI-ի գերակայությանը խաթարելու համար: Մաքսային տվյալների համաձայն՝ ընկերության արտադրանքին բաժին է ընկել Ռուսաստան չինական անօդաչու թռչող սարքերի առաքման գրեթե կեսը։

 

Հրատարակությունը նշում է նաև, որ դժվար է որոշել՝ արդյոք չինական անօդաչու սարքերը պարունակում են ամերիկյան տեխնոլոգիաներ։ Սա, ի թիվս այլ բաների, պայմանավորված է անուղղակի բաշխման ուղիներով և արտահանման փաստաթղթերում ապրանքների անհասկանալի նկարագրություններով: Լրագրողները ենթադրում են, որ պաշտոնական վաճառքը կարող է իրականացվել ոչ պաշտոնական ուղիներով և Ռուսաստանին բարեկամ երկրների միջոցով, ինչպիսիք են Ղազախստանը, Բելառուսը կամ Պակիստանը:

Քաղաքականություն