Մոսկվայի ռազմավարական դաշնակիցների վարկանիշները. Հայաստանը 2-րդ տեղում է. The Economist
Հեղինակավոր The Economist ամսագիրը հրապարակել է հոդված «Ռուսաստանի դաշնակիցները՝ խայտաբղետ ու կրճատվող թիմ» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացրել է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցների վարկանիշը։ Ցուցակում ընդգրկված է 12 երկիր. առաջին տեղում Բելառուսն է, երկրորդում՝ Հայաստանը:
Ընդհանուր առմամբ, վարկանիշում, որը հոդվածի հեղինակներն անվանել են նաև «Պուտինի ընկերների ինդեքս», ներառվել են նաև Ղրղզստանը, Իրանը, Տաջիկստանը, Ղազխստանը, Սիրիան, Չինաստանը, Վենեսուելան, Նիկարագուան, Հնդկաստանն ու Ուզբեկստանը:
Նշվում է, որ վարկանիշը կազմվել է 11 գործոնի հիման վրա: Օրինակ՝ հեղինակները երկրները դասակարգելիս հաշվի են առել դիվանագիտկան, ռազմական, էներգետիկ և տնտեսական գործոնները. արդյոք երկիրը դե՞մ է քվեարկել ՄԱԿ-ի՝ հակառուսական հիմնական բանաձևերին, ձեռնպա՞հ է մնացել, թե՞ աջակցել է Ռուսաստանին, երկիրը Ռուսաստանի հետ համագործակցության պաշտոնական պայմանագիր ունի՞, երկրում կա՞ն ռուսական զորքեր կամ վարձու զինվորականներ, արդյոք երկիրը զենք մատակարարե՞լ է Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, արդյոք այն կախվա՞ծ է ռուսական զենքից, պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացրե՞լ է, արդյոք երկիրը կախվա՞ծ է ռուսական գազից, ատոմակայաններից կամ միջուկային տեխնոլոգիաներից, արդյոք Ռուսաստանի մասնաբաժինը գերազանցո՞ւմ է ընդհանուր առևտրի 10%-ը, պատերազմի սկզբից ի վեր արտահանումը Ռուսաստան ավելացե՞լ է։
Ցանկում հայտնված երկրների կեսը, որոնք ստացել են ամենաբարձր ինդեքսային միավորները (Հայաստանը ստացել է 9 միավոր), հիմնականում կապված են Ռուսաստանի հետ քաղաքականության, պատմության և աշխարհագրության ոլորտներում. խոսքը Բելառուսի, Հայաստանի, Իրանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի մասին է:
«Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ունի հինգ պաշտոնական դաշնակից՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նրանք բոլորը պարտավոր են օգնել միմյանց՝ նրանցից մեկի վրա հարձակվելու դեպքում։ Սակայն այդ երկրներից ոչ մեկն իր զորքերով չի աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Բելառուսը որպես ռազմաբազա տրամադրում է միայն իր տարածքը»,- գրում է The Economist-ը։
«Հայաստանը վրդովված է, որ 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ իր տարածքում գտնվող 3500 ռուս զինվորականներն օգնության չեն հասել։ Նա հրաժարվել է ՀԱՊԿ-ի այս տարվա զորավարժություններից և այժմ, թվում է, փորձում է ինքն իրեն ապահովագրել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական հովանավորներին՝ ԵՄ առաքելությանը հրավիրելով վերահսկելու Ադրբեջանի հետ սահմանը», - նշում են հոդվածի հեղինակները:
Ուկրաինա ներխուժումից հետո առաջին մի քանի ամիսներին ռուսական ներմուծումը կրճատվել էր ավելի քան 40%-ով, սակայն սեպտեմբերին ցուցանիշներն ընդհանուր առմամբ վերականգնվել են Չինաստանի և Թուրքիայի շնորհիվ։