Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը. Օլիվեր Վարհելի
Հաշվի առնելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ ստիպված է իր անվտանգության հարցում հենվել մի երկրի վրա, որն ագրեսիա է իրականացնում հարևան երկրի դեմ։ Այս համատեքստում Հայաստանը հայացքն ուղղել է դեպի Եվրոպական Միություն՝ որպես իր հիմնական գործընկեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին՝ ելույթ ունենալով ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում կայացած քննարկմանը:
«Հաշվի առնելով ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում բարեփոխումների կայուն առաջընթացը՝ Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը։ Մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի ներքին բարեփոխումների օրակարգի նախագիծն է։ Այն արդեն ավելի քան երկու տարի է՝ լիովին ուժի մեջ է», - նշել է եվրահանձնակատարը:
Օլիվեր Վարհելին հավելել է, որ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանն ունի ավելի քան 2,6 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումների հավաքագրման ներուժ, և արդեն տարբեր ծրագրեր են իրականացվում Հայաստանում՝ աջակցելով սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Վկայակոչելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների զեկույցը, որը ներկայացրել է ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչովը, Վարհելին նշել է, որ Հայաստանում դեռ շատ անելիքներ կան՝ կապված դատական ոլորտի, խտրականության դեմ պայքարի, գենդերային հավասարության, խոցելի խմբերի պաշտպանության և արտաքին ապատեղեկատվության զսպման հետ:
«Թեև մենք ողջունում ենք մեր ավելի ինտենսիվ փոխանակումները Հայաստանի հետ՝ պայմանավորված երկրի աշխարհագրական դիրքով, այն նաև այն գործընկեր երկրներից է, որի հետ մենք մտադիր ենք ավելի սերտ համագործակցել՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը», - հավելել է եվրահանձնակատարը: