Ուղերձ եմ հղում Իլհամի Ալիևին՝ անհապաղ դադարեցնել շրջափակումը․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Մեզ անհրաժեշտ է միջազգային խաղաղապահների մեխանիզմ, որը կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին
Հանրայինի եթերում ասել է «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը։
«Ես այստեղ եմ ՀՀ կառավարության հրավերով՝ օգնելու Հայաստանին ավելի ամուր կապեր ունենալ հատկապես ԵՄ և Արևմուտքի հետ։ Հայաստանը վստահելի ընկերների կարիք ունի և ես կփորձեմ օգնել ձեզ ստանալ այդ ընկերներին»,-ասել է Ռասմուսենը։
Իր խոսքով՝ Լաչինի միջանցքի շրջափակումն անմարդկային է և անօրինական։
«Հնարավորություն ունեցա խոսել մարդկանց հետ, ովքեր բնակվել են Լեռնային Ղարաբաղում։ Նրանցից մեկը բուժքույր Անուշն էր, ով ինձ պատմեց պարենի ու դեղորայքի պակասի մասին։ Շաբաթներ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, սա պարտադիր կատարման որոշում է։ Այս շրջափակումը միջազգային իրավունքի խախտում է»,- նշել է նա։
Նա ուղերձ է հղել Իլհամի Ալիևին՝ անհապաղ դադարեցնել շրջափակումը․ «Ես հավատում եմ, որ նախագահ Ալիևը չի ցանկանում դառնալ միջազգային ագրեսոր, ինչպես նախագահ Պուտինը։ Կխրախուսեի ԵՄ-ին առավելագույնի հասցնել իր ճնշումը Ալիևի վրա։ Քանի որ, ինչպես մենք գիտենք, ԵՄ-ն արդեն Ադրբեջանի էներգետիկ համագործակցություն ունի, դա կարող է գերազանց հարթակ լինել, որտեղ Ալիևին ասեն, որ դուք չեք կարող խախտել միջազգային իրավունքը և մնալ անպատիժ։
Նաև խրախուսում եմ ԵՄ-ին ավելացնել դիտորդական առաքելությունը Հայաստանում, համոզվելու համար, որ Ադրբեջանը կխուսափի Հայաստանի դեմ հետագա ագրեսիայից և համոզվել, որ խաղաղության պայմանագիրը արդար կլինի այն առումով, որ կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Մեզ անհրաժեշտ է միջազգային խաղաղապահների մեխանիզմ, որը կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»,-նշել է Ռասմուսենը։
Ըստ Ռասմուսենի, ՀՀ վարչապետը շատ համարձակ հայտարարություն արեց, նշելով, որ Հայաստանի համար ամենակարևորը ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգությունը երաշխավորելն է․
«Դա ավելի կարևոր է, քան կարգավիճակը։ Սա ճկունություն է, որ Փաշինյանն է ցուցաբերել, նույն ճկունությունը կակնկալեի նաև Ադրբեջանից։ Ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն չեն ընդունի Հայաստանի վրա հարձակումը։ Հայաստանը գոյություն ունենալու իրավունք ունի։ Այն որ Արևմուտքը ունի էներգետիկ շահեր Ադրբեջանի հետ, չի նշանակում, որ աչք կփակենք Հայաստանի դեմ ագրեսիայի վրա»,-ասել է Ռասմուսենը։