Սիմոնյանին ու «Մեդլայն» ԲԿ-ի տնօրենին նույն խցում են նստեցրել, որ գաղտնալսեն․ «Հրապարակ»
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին իրավապահները տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
«Որպես կանոն, պաշտոնատար անձինք կալանքը կրում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում կամ ԱԱԾ-ի «Երևան-Կենտրոն»-ում, սակայն փոխքաղաքապետին ոչ միայն «Արմավիր» են տարել, որը գտնվում է «զոն նայողների» հսկողության տակ, այլև պարզվում է՝ նրան և նույն գործով մյուս անձին՝ «Մեդլայն» բժշկական կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանին, նույն խցում են նստեցրել, ինչը կալանավայրերի պրակտիկայում ընդունելի է համարվում»,- գրում է պարբերականը:
Թերթը նշում է՝ այդպես վարվում են միայն այն ժամանակ, երբ տվյալ խուցը գաղտնալսվում է, և նույն գործով «հանցակիցներին» իրար հետ նստեցնելով հույս են ունենում, որ կալանավորվածները գործից կխոսեն, և նոր փաստեր ձեռք կբերի նախաքննության մարմինը։
«Հրապարակի» տեղեկություններով՝ փոխքաղաքապետը խնդրել է իրեն տեղափոխել մենախուց:
«Թե ինչու է Սիմոնյանը նախընտրում այդպիսի ծանր փորձության ենթարկվել` մենակ նստել, դժվար է ասել: Հիշեցնենք, որ մենախցային ռեժիմում է գտնվում նախկին Պնախարար Դավիթ Տոնոյանը, ժամանակին մենակ է նստել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»։