Վրաստանում դադարեցվեց խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումը
Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի քննարկումը: Օտարերկրյա գործակալների մասին վրացական օրինագիծը երկրորդ ընթերցմամբ տապալվեց: Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
Նախագծին կողմ է քվեարկել 1 պատգամավոր, դեմ՝ 35, ձեռնպահ՝ 58։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը։ Ինչին հաջորդեցին զանգվածային ցույցերն ու անկարգությունները: ԱՄՆ-ն և ԵՄ երկրները հորդորեցին վրաց կառավարությանը հրաժարվել օրենքի ընդունումից: Երեկ արդեն «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը բողոքների համատեքստում որոշում կայացրեց խորհրդարանից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հետկանչի մասին։
Ցուցարարները` չհավատալով երկրի իշխանության խոսքին, երեկ ևս հավաքվեցին ցույցի ու պահանջեցին նաև Վրաստանի գործող իշխանության հրաժարականը: Այսօր ևս հարյուրավոր ցուցարարներ խորհրդարանի մուտքի մոտ սպասում էին, թե ի վերջո ինչ որոշում կկայացնեն պատգամավորները:
Հավելենք նաև, որ օրինագիծը ընկալվել է որպես «ռուսական օրենք»` շեղում եվրոպական կուրսից: