Թրամփը Fox News-ի եթերում չի բացառել Ուկրաինայի «ռուսալեզու» շրջանների փոխանցումը Ռուսաստանին․ ԶԼՄ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել է Ուկրաինայի տարածքների մի մասը Ռուսաստանին փոխանցելու հնարավորությունը՝ ռազմական հակամարտությունը դադարեցնելու համար։ Ամերիկացի նախկին առաջնորդը նման հայտարարություն է արել Fox News-ին տված հարցազրույցում, գրում է Daily Beast-ը։ Հրատարակության տվյալներով՝ ավելի ուշ Թրամփի հետ զրույցի այս հատվածը կտրվել է եթերից։
Ինչպես գրում է Daily Beast-ը, մարտի 6-ին Fox News-ի հաղորդավար Շոն Հանեթիին տված հարցազրույցում նախկին նախագահն ասել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու համար Ռուսաստանին կարող է թույլ տալ «տիրանալ» Ուկրաինայի մի մասին։
«Ես կարող էի համաձայնվել. Վատագույն դեպքում ես կարող էի բանակցել, որ ինչ-որ բան տամ (Ռուսաստանին), (Ուկրաինայում) կան որոշակի տարածքներ, որոնք, անկեղծ ասած, ռուսալեզու են»,- ասել է Թրամփը հարցազրույցի չհրապարակված հատվածում՝ ըստ Daily Beast-ի:
Բացի այդ, ըստ հրապարակման, Թրամփն ասել է, որ ռազմական հակամարտության ժամանակ «շատ ավելի շատ մարդ է մահանում, քան հաղորդվում է»։
Ինչպես նշում է Daily Beast-ը, երբ Հանեթին հրապարակել է Թրամփի հետ իր հարցազրույցից հատվածները, դրանցում արդեն բացակայում էին հատվածներ, որոնցում նախկին նախագահը խոսում է Ռուսաստանին ուկրաինական տարածքների հնարավոր փոխանցման, ինչպես նաև ռազմական գործողություններում զոհվածների թվի մասին։ Հրատարակության տվյալներով՝ ընդհանուր առմամբ Թրամփի հարցազրույցից կտրվել է նրա ելույթի մոտ 30 վայրկյան։
Հեռարձակման այն հատվածում, որը հանրությանը հասանելի է, Թրամփը ասում է, որ եթե ինքը մնար Միացյալ Նահանգների նախագահ, ապա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտություն «երբեք չէր լինի»։