Հայտնի է, թե երբ կվերսկսվի Ամուլսարի հանքի շահագործումը
Էկոնոմիկայի նախարարությունն առայժմ չի հստակեցնում Ամուլսարի հանքի շահագործման նպատակով եռակողմ հուշագրով նախատեսված 250 մլն դոլարի ստացման աղբյուրները։ Այս մասին հաղորդում է News.am-ը
Հայտնի է միայն, որ 100 միլիոնը ներդնելու է Եվրասիական զարգացման բանկը։
Լրատվականի հարցմանն ի պատասխան, թե տեղական ո՞ր բանկն է 50 մլն դոլար ներդնելու, եւ մնացած 100 միլիոն դոլարը որտեղից է գոյանալու, Էկոնոմիկայի նախարարությունից նշել են.
«Տեղական բանկը, որի կողմից կիրականացվի 50 միլիոն ներդրումը որոշվելու է հետագա փուլերում։ Մոտ 100 մլն դոլարի աղբյուրները եւ կհստակեցվեն հետագա փուլում»։
Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ե՞րբ է «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախատեսում սկսել հանքի շահագործումը։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը մասնակցելու է բնապահպանական մշտադիտարկման ծրագրին, որը նախատեսվում է մեկնարկել 2023 թվականին ակնկալվող ծրագրի շինարարական փուլը վերսկսելուց/շարունակելուց անմիջապես հետո, իսկ հանքի շահագործման աշխատանքները սկսելու ժամանակահատվածը դեռեւս պազ չէ»,– ասվում է Էկոնոմիկայի նախարարության պատասխանի մեջ։
«Լիդիան Արմենիա» ընկերության հանրային կապերի ղեկավար Մարգարիտա Ափրոյանը News.am-ին հայտնել է, որ հանքի տարածքում շինաշխատանքները կսկսվեն ֆինանսավորման գործընթացն ավարտելուց հետո։ Հանքի շահագործումն ըստ նրա՝ նախատեսված է 2024 թվականի ընթացքում։
Հիշեցնենք՝ փետրվարի 22–ին, Կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքը վերագործարկելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին, որով պարտավորվում էին 250 միլիոն դոլար ներդնել, որից 100–ը ներդնելու է Եվրասիական զարգացման բանկը, 50–ը՝ տեղական բանկերից մեկը, մնացած 100 միլիոն դոլարի վերաբերյալ, սակայն, տեղեկություն չհաղորդվեց։
Հուշագրի համաձայն՝ Հայաստանի Կառավարությունը ստանալու է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ Էկոնոմիկայի նախարարն ասել էր, որ բաժնեմասերի դիմաց Կառավարությունը ոչինչ չի վճարելու, բայց դրա փոխարեն ստանձնելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը։