Մեր տնտեսությունն ամեն օր հսկայական վնասներ է կրում. պետնախարարը առցանց հանդիպում է ունեցել շուրջ 40 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առցանց հանդիպում է ունեցել շուրջ 40 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք շարունակվող շրջափակման պայմաններում աջակցություն են ցուցաբերում Արցախին: Հանդիպմանը մասնակցել են նաև պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ու ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նրանց գործունեության և այս դժվարին իրավիճակում Արցախի ու Արցախի ժողովրդի կողքին լինելու համար:
Նա ներկայացրել է իրավիճակն Արցախում՝ նշելով, որ ճգնաժամը չի արտահայտվում միայն սննդի կամ վառելիքի բացակայությամբ, այն խորքային ազդեցություն է ունենում հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա. «Շրջափակումը խնդիրներ է առաջացրել ոչ միայն ամենօրյա կյանքում, այլև տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ Մեր տնտեսությունն ամեն օր հսկայական վնասներ է կրում»:
Պետնախարարը ներկայացրել է նախանշված կարեւոր վեց ուղղություններով կատարվող աշխատանքները՝ նկատելով, որ դրանցից առաջինի՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման առումով կարևոր դեր ունեն նաև բարեգործական կազմակերպությունները. «Ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ, որը թույլ չի տալիս մարդկանց նորմալ և լիարժեք կյանք վարել։ Այդ իմաստով շատ կարևոր է, որ դուք ևս բարձրաձայնեք այդ մասին։ Կարևոր է ոչ միայն ձեր նյութական օգնությունը, այլև այն, որ ձեր ձայնը հնչի, խնդիրը ճիշտ ներկայացվի աշխարհին»:
Ռուբեն Վարդանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է տարբեր՝ առողջապահության, սոցիալական, ենթակառուցվածքների ոլորտների ծրագրերն ու առաջնային անելիքները՝ կարևորելով հատկապես թիրախային աջակցությունը:
Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել բարեգործական բեռների փոխադրման հետ կապված գործընթացների և հասցված բեռի բաշխման մեխանիզմների մասին: Նախարարն ընդգծել է, որ բարեգործական եղանակով ստացված բեռները բաշխվում են բացառապես անվճար՝ սոցիալապես անապահով խմբերին: Գործընթացներն իրականացվում են թափանցիկ հիմունքներով, և այդ մասին հաշվետվությունները ներկայացվելու են բարեգործական կազմակերպություններին:
Նախարարը կարևորել է նաև բարեգործական կազմակերպությունների հետ արդյունավետ գործակցությունն ու մշտական կապը, որպեսզի կազմակերպությունները տեղեկանան առկա կարիքների մասին և նրանց օժանդակությունն առավել թիրախային լինի:
Հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և նախարար Արմեն Մանգասարյանը նաև պատասխանել են հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին:
Նմանատիպ հոդվածներ
«Ձեր համար կռվելը հիմարություն էր». ադրբեջանցիները զայրացած են, քանի որ Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Այս մասին հայտարա...
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն. Բլինկեն
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն, Մյունխենում երկու երկրների ղեկավարների...
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում. Մակրոն
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում: Այսպիսի գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն...