Ադրբեջանը «փախստականների ՀՀ վերադարձի» ծրագիր է հրապարակել. ադրբեջանագետը` մեզ սպասող հնարավոր սպառնալիքների մասին

 Ադրբեջանական «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ինչպես այդ երկրի քարոզչամեքենան է ասում, «Արևմտյան Ադրբեջանի նախկին բնակիչների Հայաստան վերադարձի ծրագիր» է հրապարակել։ Այս ծրագիրը վերաբերում է ոչ միայն այն, այսպես կոչված, անկլավներին, որոնք Ադրբեջանը պահանջում է Հայաստանից, այլև Սյունիքին, Երևանին և մեր հանրապետության այլ տարածքներին։

 

Auroranews.am-ը կապ հաստատեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ: Փորձագետը նշեց, որ ադրբեջանցիները ցուցակագրում են «այն ադրբեջանցիների ժառանգներին, որոնք 90-ականներին լքել է ՀՀ տարածքները»: 
 

«Նրանց նպատակն է խաղաղության փաստաթղթի կնքումով, դրա ֆոնին այդ անձանց բերել և իրենց խոսքերով «վերաբնակեցնել ՀՀ տարածքներում»` մարզերում և Երևան քաղաքում: Իբր փախստականի կարգավիճակ ունեցող ադրբեջանցիների թիվը, որոնց Ադրբեջանը ուզում է վերաբնակեցնել ՀՀ տարածքներում, քիչ չի լինելու: Թիվը, պայմանական եմ ասում, կարող է լինել 400 կամ 500 հազար»,- մեզ հետ զրույցում ասաց Դավթյանը` ընդգծելով, որ Ադրբեջանը շատ լուրջ է աշխատում իր այս ֆարսի ուղղությամբ: 

 

Ադրբեջանագետը նշում է` նրանք կառչելով նոյեմբերի 9-ի պայմանագրի 7-րդ կետից, որում նշվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, փորձում են լեգիտիմ հող ստեղծել այս ամենն իրականացնելու համար: Խաղաության պայմանագրի կնքմամբ հույս ունեն բարձրացնել այդ մարդկանց ՀՀ գալու հարցը:

 

«Վտանգ կա նաև, որ ադրբեջանցի «փախստականների» ՀՀ գալով և բնակություն հաստատելով, ադրբեջանը կարող է այստեղ հետախուզական ցանց կամ ցանցեր հիմնել, ահաբեկչական խմբեր տեղակայել: Ես այս կետերը նշեցի, բայց վտանգները շատ-շատ են»,- հավելեց ադրբեջանագետը:

 

Քաղաքականություն