Ինչ է կատարվում Թուրքիայում, որի մասին լռում են. գերմանացի և ավստրիացի փրկարարներն դադարեցրել են աղետի գոտում աշխատանքները

 Արտակարգ իրավիճակներում օգնության ցուցարբերման գերմանական երկու կազմակերպություններ դադարեցրել են փրկարարական աշխատանքները Թուրքիայում՝ անվտանգության խնդիրներից ելնելով։ Պատճառն այն է, որ երկրաշարժի աղետի գոտում գրանցվում են հրաձգություններ ու բախումներ։ Ամերիկայի ձայնի փոխանցմամբ՝ գերմանական ISAR միջազգային որոնողափրկարարական ծառայությունը և Գերմանիայի THW տեխնիկական օգնության դաշնային գործակալությունը հայտարարել են, որ կվերականգնեն իրենց աշխատանքը, երբ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) իրավիճակը համարի անվտանգ։ 

«Դուք կարող եք տեսնել, որ թախիծը դանդաղ իր տեղը զիջում է զայրույթին։ Այդ իսկ պատճառով մենք THW-ի հետ միասին դեռևս կմնանք ճամբարում»,- Reuters գործակալությանը հայտնել է ISAR-ի օպերացիոն մենեջեր Սթիվեն Բայերը՝ հավելելով, որ կազմակերպությունները պատրաստ են անհապաղ վերականգնել աշխատանքը, եթե դա անհրաժեշտ կլինի։ 

Թուրքական իշխանությունները չեն հայտնել երկրաշարժի գոտում բախումների մասին, սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 11-ին մեկնաբանել է անվտանգության հետ կապված ընդհանուր իրավիճակը՝ նշելով, որ հայտարարվել է արտակարգ դրություն և կողոպուտի դեպքեր են գրանցվել։ «Դա նշանակում է, որ այսուհետ մարդիկ, որոնք կապ ունեն թալանի ու մարդկանց առևանգման հետ, պետք է իմանան, որ պետության պինդ ձեռքը նրանց վրա է»,- տարածաշրջան իր այցի ժամանակ հայտարարել է Էրդողանը։ 

Ավստրիայի զինված ուժերի արտակարգ իրավիճակների ժամանակ օգնության ցուցաբերման ստորաբաժանումը (AFDRU) ևս ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Ավստրիայի ՊՆ ներկայացուցիչ Միխայել Բաուերը գրել է, որ թուրքական բանակն իր վրա է վերցրել AFDRU-ի անձնակազմի պաշտպանությունը։ Ավստրիայից մոտ 82 փրկարար փետրվարի 7-ից գտնվում է Անթաքիա քաղաքում, նրանք փլատակների տակից հանել են 9 մարդու։ 
Շվեյցարիան ևս հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է Հաթայում անվտանգության հետ կապված իրավիճակին և որ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։ Շվեյցարիան ուղարկել է 87 մասնագետի և փրկարար ծառայության 8 շան։ Փետրվարի 8-ից սկսած նրանք փրկել են 11 մարդու, ներառյալ 2 երեխայի։ Փետրվարի 10-ին Շվեյցարիան ուղարկել է 12 փրկարարից բաղկացած լրացուցիչ առաքելություն։

Քաղաքականություն

Պատահարներ