ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը կոնկրետ առաջարկություններով էր եկել. Փաշինյան
ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել էր կոնկրետ առաջարկություններով։ Այս մասին Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«Մենք համաձայնեցրեցինք տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման այդ համաձայնեցված տարբերակների ասպեկտները, սակայն, ցավոք, հետո այդ պայմանավորվածությունները չհաջողվեց իրականացնել Ադրբեջանական Հանրապետության ապակառուցողական և հակաարդյունավետ դիրքորոշման պատճառով»,–ասել է Փաշինյանը։
Իր խոսքով` Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլ նաև շահագրգռված է տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ, քանի որ փաստացի Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում գտնվում է շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից և Հայաստանը շատ հետաքրքրված է, որ տարածաշրջանում բացվեն բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքները:
«Մենք գտնում ենք, որ դա պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Ես նկատի ունեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, և մենք այն առավել կոնկրետացրել ենք 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ: Մենք բազմիցս այդ մասին ասել ենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման հարցում պետք է գործենք համապատասխան այն երկրների օրենսդրությունների, որոնց տարածքներով անցնում են ենթակառուցվածքները»,–ասել է նա։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամին, ՀՀ վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր և զգայուն հարց է հայ–ռուսական երկկողմ հարաբերություններում: Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունն անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերն է, բայց Հայաստանում` անվտանգության ոլորտում ոչ այնքան լավ իրավիճակ է:
«Գիտեք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է՝ շրջափակվել է Լաչինի միջանքը, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության՝ պետք է լինի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ»,–ասել է Փաշինյանը։
Նա անդրադարձել է ՀԱՊԿ-ին և հույս հայտնել, որ կհաջողվի լուծել բոլոր հարցերը: