Իսրայելական հեռուստաընկերությունը ստեր է հաղորդել Հայաստանի և Իրանի մասին

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանն իր հոդվածում գրել է․

 

«Հունվարի 27-ին իսրայելական i24NEWS միջազգային հեռուստաընկերությունը հեռարձակեց կես ժամանոց կեղծիքներով լի մի  հաղորդում՝ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները փառաբանելու և Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին անարգելու համար: Այս սկանդալային հաղորդումը ոչ մի կապ չուներ լրագրության հետ, և ամեն ինչ առնչվում էր Ադրբեջանի տխրահռչակ «խավիարային դիվանագիտության» հետ։

 

Հրատարակիչը հաղորումից հատվածներ է սղագրել, նշել է, ոոր հաղորդավարը՝ իսրայելցի լրագրող Հենրիկե Ցումերմանը, ասել է. 

 

«Ադրբեջանն ունի խնդրահարույց հարևաններ, հատկապես Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը հյուսիսում և Այաթոլլա Ալի Խամենեիի Իրանը հարավում: Այդուհանդերձ, նրա գլխավոր պատմական թշնամին մեկ այլ հարևան է՝ Հայաստանը, քրիստոնյա մեծամասնություն ունեցող մի երկիր, որը բախվել է Ադրբեջանի հետ երկու խոշոր պատերազմներում՝ պատճառելով հազարավոր զոհեր: 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում Ռուսաստանի աջակցությամբ (առաջին սուտը) Հայաստանին հաջողվեց սահմանային գոտում գրավել 10 հազար քառակուսի կիլոմետր` Լիբանանի տարածքի չափ։ Պաշտոնական նպատակը բուֆերային գոտի ստեղծելն էր։ Ադրբեջանի համար 2020 թվականը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակի տարի էր։ Նախագահ Իլհամ Ալիևի բանակը վերանվաճեց հայերի կողմից գրավված բոլոր տարածքները (երկրորդ սուտը), սակայն պարզվեց, որ տասնյակ գյուղեր և փոքր քաղաքներ ամբողջությամբ ավերված են և ականապատված (երրորդ սուտը)։ Այդպես էր Խոդաֆարինի շրջանում՝ Իրանի սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ Արաքս գետի ափին։ Այս համատեքստում, Իրանը աջակցեց Հայաստանին (չորրորդ սուտը), իսկ Իսրայելը՝ Ադրբեջանին»։

 

Լրագրողը հարցազրույց է արել  Ադրբեջանի կրոնական հարցերի նախարար Մուբարաք Քուրբանլիի հետ, որը  նշել է, թե Հայաստանը  «գրավել է իրենց հողերը»: Ապա անդրադառնալով իրանական կողմին ավելացրել`  Իրանը նախատում է Իսրայելին, իսկ  որտե՞ղ էր Իրանը 30 տարի, երբ Հայաստանը, խախտելով բոլոր միջազգային օրենքները գրավեց ադրբեջանական հողերը, այդ թվում՝ Իրանի սահմանը։ Ինչո՞ւ էր Իրանը լռում այն ժամանակ:

 

Հաղորդավարը շարունակեց. «700 կիլոմետրանոց սահմանով մեր ճամփորդության ընթացքում մենք տեսանք, որ իսրայելական այլ տեխնոլոգիաներ են օգտագործվում իրանական կողմը հսկելու համար, օրինակ՝ բարձր ճշգրտության տեսախցիկներ և շատ արդիական էլեկտրոնային սենսորներ: Մի քանի աղբյուրների համաձայն՝ այս համակարգերն աջակցում են հատուկ ստորաբաժանումների և իսրայելական գաղտնի գործակալների կողմից իրականացվող գործողություններին, որոնք ներթափանցում են Իրան՝ պայքարելու նրա միջուկային նախագծերի դեմ։ Ըստ միջազգային մամուլի՝ դա նուրբ վիրաբուժական պայքար է։ Իսրայելը մշտապես պահում է իր ռազմաօդային ուժերի օդաչուներին Ադրբեջանում, ինչպես նաև մի քանի F-35 (ԱՄՆ) կործանիչներ՝ հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռները, որոնք համարվում են մոլորակի ամենաարդիական ինքնաթիռները: Իրանական զորավարժություններից հետո F-35-ը, ըստ երևույթին, ներթափանցեց Իրանի օդային տարածք՝ գնահատելու իր հակաօդային համակարգի արդյունավետությունը։ 

 

(Եթե դա ճիշտ է, ուրեմն սա հստակ խոստովանություն է, որ Իսրայելը խախտել է ԱՄՆ-ի հետ F-35-ներն այլ երկրի չփոխանցելու իր պայմանավորվածությունը), փակագծերում գրել է Սասունյանը»:

Քաղաքականություն

Պատահարներ