ԵՄ-ն չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը. Բորել

Եվրամիությունը չի դիտարկում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը` ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի հարցմանըն։ 

 

«Պատժամիջոցները ԵՄ-ի գործիքներից մեկն են ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակներն առաջ տանելու համար և այս դեպքում հաշվի չեն առնվում»,- ասել է Բորելը: 

 

Նրա խոսքով՝ ԵՄ-ի ջանքերն ուղղված են երկխոսության միջոցով լուծումներ գտնելուն, ինչին իրենց հանձնառությունն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Բորելը նշել է, որ 2022 թվականի դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց հումանիտար հետևանքներին, դաշինքի ներկայացուցիչները կապի մեջ են կողմերի հետ։ 

 

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) առաջիկա տեղակայումը։ 

 

«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության ամրապնդմանը և ապահով միջավայրի ստեղծմանը, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ-ի կողմից աջակցվող ջանքերին»,- ասել է նա: