Ադրբեջանը նոր հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի և փոխհատուցում է պահանջում
2023 թվականի հունվարի 18-ին Ադրբեջանը նախաձեռնեց առաջին միջպետական արբիտրաժային գործընթացը «Եվրոպայում վայրի ֆաունայի և բուսական աշխարհի ու բնական միջավայրերի պաշտպանության մասին»՝ Բեռնի կոնվենցիայի համաձայն։
Նշվում է, թե գործի նպատակը Հայաստանին պատասխանատվության ենթարկելն է Ադրբեջանի շրջակա միջավայրի և կենսաբազմազանության լայնածավալ ոչնչացման համար՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի ընթացքում գրեթե 30 տարի, ԱՊԱ-ին հայտնել են այդ երկրի ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Հայաստանի կողմից իրականացվող զանգվածային անտառահատումների արդյունքում տարածքների աղտոտումը, ապօրինի շինարարությունն ու հանքարդյունաբերությունը այն տարածքներում, որոնք մինչ օկուպացիան եղել են արգելոցներ, վտանգի են ենթարկել Ադրբեջանում կենդանական աշխարհի ավելի քան 500 տեսակ։ Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Հայաստանին՝ աշխարհի ամենահարուստ և կենսաբանորեն բազմազան էկոհամակարգերից մեկի օկուպացիայի ժամանակ ավերածությունների համար։ Արբիտրաժային գործընթացի շրջանակներում Ադրբեջանը Հայաստանից պահանջում է վերջ դնել Բեռնի կոնվենցիայի շարունակվող բոլոր խախտումներին և Ադրբեջանին վճարել ամբողջական փոխհատուցում օկուպացված տարածքների շրջակա միջավայրի ոչնչացման համար։
Հիշեցնենք, որ այս ամենը ասում է մի երկիր, որը զբաղվում է նավթարդյունաբերությամբ և պարբերաբար լուսանկարներ են տարածվում այն բնակավայրերից, որոնք գտնվում են հանքավայրերի շրջակայքում։ Այդ լուսանկարներրում էլ երևում է, թե ինչ անմխիթար վիճակում են այդ բնակավայրերը։