Ոստիկանության պետը ազատվել է աշխատանքից․ նա նոր պաշտոն ունի
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ Ներքին գործերի նախարար՝ մինչ այդ ազատվելով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- ասված է Նախագահի հրամանագրով։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԳՆ ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասվում է.
««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝
1. Հաստատել Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը՝ համաձայն հավելվածի»:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության՝ 2023 թվականի առաջին նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս շաբաթ կնշանակվեն ներքին գործերի նախարարը և փոխնախարարները: