Բանտում Սաակաշվիլիի մահը կարող է վերջակետ դնել Վրաստանի եվրոպական հեռանկարին
Եվրամիության անդամ երկրների դեսպանները զգուշացրել են վրացական իշխանություններին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Accent.ge-ն։
Ըստ տեղեկության` Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ հանդիպմանը եվրոպական դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կոչ են արել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությանը՝ կանխել Սաակաշվիլիի իրավունքների խախտումը բանտում և հավելել են, որ երրորդ նախագահի մահը կարող է վերջակետ դնել Վրաստանի եվրոպական հեռանկարին։
Արդարադատության նախարարություն են այցելել Գերմանիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի, Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանները։ Մի քանի ժամ տևած բանակցություններին լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել։
Ավելի ուշ Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը հայտնել էր, որ արդարադատության նախարարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են ԵՄ անդամ 15 երկրների դեսպաններ և ԱՄՆ ներկայացուցիչներ։