ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կինը տանն է եղել, երբ գողերը փորձել են մտնել բնակարան կողոպտելու

 Դեկտեմբերի 18-ին` ժամը 17.50-ի սահմաններում, ահազանգ ստացվեց «911» ծառայություն: Մի կին հայտնում էր, որ իրենց բնակարան փորձում են գողեր մտնել: Հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, և քանի որ ահազանգողը Հակոբ Հակոբյան փողոցի բնակիչ էր, այստեղից էլ հաղորդումը վերահասցեավորվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

Բաժնից նշված հասցե մեկնեց օպերատիվ խումբ: Տարածքը վերահսկելու և արձագանքման արագությունն ապահովելու նպատակով տեղյակ պահվեցին նաև մայրաքաղաքի պարեկները:

 

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հենց շենքի շքամուտքում, բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին երկու տղամարդ: Բաժնում պարզվեց նրանց ինքնությունը. Երևանի Ուլնեցու փողոցի 42-ամյա և Վայք քաղաքի 45-ամյա բնակիչ էին:

Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվեցին տարբեր տեսակի բանալիներ, հարմարեցված գործիքներ, երկաթե առարկաներ, որոնք, ըստ նրանց, փական բացելու հարմարանքներ էին:

 

Երկուսն էլ տեղափոխվեցին քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ նախաձեռնվեց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ հենց նրանք էին վեց ամիս առաջ Կիևյան փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն կատարել: Գողության մասին այդ հաղորդումը ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր հունիսի 17-ին:

 

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: