ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Дождь»-ի լիցենզիան հետ կանչած լատվիացի պաշտոնյան Պուտինին գովացող գրառումներ է արել

Ռուսական ընդդիմադիր «Дождь» հեռուստաընկերության լիցենզիան հետ կանչած լատվիացի պաշտոնյան 6 տարի առաջ բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Ղրիմի բռնակցման մասին, դեմ է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուն և պնդել է,  որ Պուտինը Ռուսաստանին զերծ է պահում քաոսից։ Այս մասին գրում է The Insider-ը:
 

Իվար Աբոլինիշը գլխավորում է Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը: Դեկտեմբերի 6-ին այս խորհուրդը հետ է կանչել «Дождь»-ի` Լատվիայում հեռարձակման լիցենզիան։

 

Նա արդեն հայտարարել է, որ զղջում է իր հին խոսքերի համար և այլևս նման տեսակետեր չունի.


«Այս թվիթներն այլևս ոչ մի կերպ չեն ներկայացնում իմ կարծիքը: Այն ժամանակ ես իմ թվիթները հիմնավորում էի այն ժամանակ առկա տեղեկատվությամբ: Այս կարծիքը սխալ է և չի համապատասխանում իմ ներկայիս դիրքորոշմանը»։

 

Հիշեցնենք, որ  «Дождь» հեռուստաալիքը դադարեցրեց իր աշխատանքը Ռուսաստանում դեռ մարտի սկզբին, այն բանից հետո, երբ երկրում լրագրողները սկսեցին քրեական պատասխանատվության ենթարկվել ՌԴ Քրեական օրենսգրքի «ռազմական կեղծիքների» մասին նոր հոդվածով։ Ավելի ուշ հեռուստաալիքին հաջողվել է աշխատանքի թույլտվություն ստանալ Լատվիայում, որտեղ արգելված են ռուսական պետական ​​հեռուստաալիքները։

 

Սակայն երեկ Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների տեղական ազգային խորհրդի ղեկավար Իվարս Աբոլինսն ասել է, որ այս շաբաթ հեռուստաալիքը պետք է դադարեցնի հեռարձակումը։ Որոշումն ընդունվել է «ազգային անվտանգությանը և հասարակական կարգին սպառնացող վտանգի պատճառով»:

 

Հեռուստաալիքի հեռարձակման դադարեցման որոշումը ուժի մեջ կմտնի հինգշաբթի՝ դեկտեմբերի 8-ի գիշերը, և «Дождь»-ը կդադարեցնի հեռարձակումը Լատվիայի տարածքում։ 

Քաղաքականություն

Պատահարներ