Պուտինն առանձին օդանավով իր հետ սեփական ավտոշարասյունն էր բերել․ ի՞նչ մանրամասներ են հայտնի․ «Հրապարակ»

«Երեկ Հայաստան էին ժամանել ՀԱՊԿ անդամ վեց պետություններից հինգի ղեկավարները՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստին։ Վեցերորդը Հայաստանն է՝ որպես ընդունող երկիր։ Մեր ուշադրությունը գրավեց, թե պետությունների ղեկավարներից ում ինչպես դիմավորեց հայկական կողմը ու ով ինչ մեքենայով օդանավակայանից շարժվեց դեպի ՀԱՊԿ խորհրդի նիստի անցկացման վայրը՝ «Դվին» հյուրանոց։ «Հրապարակ» թերթը գրում է․ 

 

Նախ՝ հինգ պետությունների ղեկավարներից չորսին՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի եւ Տաջիկստանի նախագահներին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Եվ միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ Նիկոլ Փաշինյանը դիմավորեց եւ ինքն էլ Պուտինի մեքենայով օդանավակայանից մեկնեց «Դվին»։ Բացի այդ, նկատեցինք, որ հինգ երկրների ղեկավարներից միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւն էին ծառայողական մեքենաներն իրենց հետ բերել Երեւան, որպեսզի այստեղ հենց իրենց մեքենաներով տեղաշարժվեն։ Մյուսներին դիմավորել են հայկական կողմի հատկացրած զրահապատ մեքենաներով։ 

Ամենաշքեղը Ռուսաստանի նախագահի մեքենան ու ավտոշարասյունն էին՝ բաղկացած ռուսական արտադրության զրահապատ Aurus մեքենաներից։ Պուտինն ուր գնում է, առանձին օդանավով իր հետ միանգամից 6 Aurus է տանում, բոլորը՝ զրահապատ, որոնցից երեքը՝ սեդան, երեքը՝ մինիվեն թափքով։ Սեդաններից մեկում էլ հենց Պուտինն է լինում։ Ավտոշարասյան մեջ ռուսական պետհամարանիշներով նաեւ այլ մեքենաներ կային։ Մյուսները Հայաստանի տրամադրած մեքենաներն էին։ 

 

Ղազախստանի նախագահի մեքենան ու շարասյունը համեմատաբար ավելի համեստ էին՝ W222 թափքով զրահապատ Mercedes Maybach։ Մյուս երկրների ղեկավարներին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, դիմավորեցին Հայաստանի տրամադրած հնամաշ ու տարեթվով ավելի հին Mercedes-ներով՝ W221 թափքով S-Class-ներով, որոնք բոլորն էլ, բնականաբար, զրահապատ էին, բայց արդեն բարոյապես ու ֆիզիկապես մաշված։ Նշենք, որ պետությունների ղեկավարներին զրահապատ մեքենաներով դիմավորելն արարողակարգային պահանջ է, եւ ցանկացած ընդունող երկիր պարտավոր է ներկայացուցչական դասի զրահապատ մեքենաներ ունենալ, որ անհրաժեշտության դեպքում դրանցով դիմավորի բարձրաստիճան հյուրերին՝ ապահովելով նրանց անվտանգությունը։ Հայաստանի պետական պահպանության ծառայության ավտոպարկն այս առումով բավականին աղքատիկ ու անմխիթար վիճակում է։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո բյուջեի հաշվին երկու W222 թափքով զրահապատ Mercedes ձեռք բերվեց, որոնցից մեկը կամ գուցե երկուսն էլ փոխեփոխ սպասարկում են Փաշինյանին։

 

Մյուսներն ավելի հին են՝ մոտ տասը եւ ավելի տարվա հնության W221 թափքով S-Class-ներ, որոնցից մեկը հատկացված է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նրանք այսօր հաճախակի տեխնիկական խնդիրներ են առաջացնում, շարժիչները հիմնականում «յուղ են վառում»։ Նաեւ մեկ զրահապատ BMW 760 ունեն, որը ժամանակին Արմեն Սարգսյանին էր սպասարկում։ Բայց դա էլ, ասում են, տեխնիկապես այդքան էլ լավ վիճակում չի գտնվում այսօր։ 2018-ին հենց այս BMW-ով էին դիմավորել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին․ այդ օրը Արմեն Սարգսյանը ստիպված էր տեղաշարժվել անձնական Cadillac-ով, քանի որ նրան հատկացված զրահապատ BMW-ն տրամադրել էին Մերկելին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն

Պատահարներ