Դեկտեմբեր‎ի 07 Երևան 6°C

$ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Երևան 6°C | $ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին. Հունանյան

 Հայկական կողմը ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, իսկ առկա խմբագրությամբ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծն այդ տեսանկյունից չէր բավարարում հայկական կողմին, «Ազատության» հետ զրույցում ասաց Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:

«Հետևաբար, որոշում կայացվեց փաստաթուղթն ուղարկել լրամշակման», - ասաց նա՝ ի պատասխան հարցին՝ ի՞նչ առաջարկներ էր ներկայացրել Հայաստանը, որոնք այդպես էլ չընդունվեցին, արդյունքում չստորագրվեց նաև «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծը:

Վահան Հունանյանը հավելեց՝ ցավալի է, սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ հաջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին հայտարարության ընդունումը կապեցին «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման միաժամանակյա ընդունման հետ, ինչի արդյունքում բոլոր երեք փաստաթղթերը ուղարկվեցին լրամշակման:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը երեկ 3 փաստաթուղթ չի ընդունել:

Չնայած ՀԱՊԿ-ն այդպես էլ քաղաքական հայտարարություն չարեց և չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, վարչապետն այսօր անկեղծ ու դրական էր գնահատել երևանյան գագաթնաժողովի քննարկումները։ Փաշինյանը երեկ հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագիծը, պատճառաբանելով, որ փաստաթուղթը վերջնական տեսքի չի բերվել։