Ֆրանսիայի Սենատը սկսել է բանաձևի քննարկումը, որով առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

 Ֆրանսիայի Սենատը սկսել է բանաձեւի քննարկումը: Սենատորները կրում են ՀՀ եռագույը պատկերող կրծքանշաններ` ի աջակցություն Հայաստանի ևԱրցախի:

 

Հիշեցնենք, որ Բանաձեւով հեղինակները կառավարությանը հորդորում են վճռականորեն գործել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դատարան՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի, ներառյալ քաղաքացիական բնակչությանն ուղղված եւ ռազմական հանցագործությունները հետաքննելու համար: Վեց սենատոր բանաձևով Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում հաշվի առնել 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած նոր հարձակումների բոլոր դիվանագիտական ու տնտեսական հետեւանքները եւ եվրոպացի գործընկերների հետ միասին դիտարկել ամենակտրուկ միջոցները, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավումը եւ գազի ու նավթի ներմուծման էմբարգոն։ Առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք՝ նրա ինքնիշխանության խախտմամբ իրականացված ռազմական ագրեսիայի փաստը նկատի առնելով: Սենատորները կառավարությանն առաջարկում են դիտարկել Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման, ինչպես նաեւ  միջազգային կազմակերպության հովանու ներքո այստեղ անվտանգության ուժերի տեղակայման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետությունում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցերը: Փաստաթղթում կրկին բարձրացվում է Արցախի Հանրապետության ճանաչման եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար այն բանակցային գործընթացում ներառելու հարցը:
 

Հավելենք նաև,  որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք այսօր՝ նոյեմբերի 15-ին պետիցիա (հանձնագիր) են ներկայացրել Ֆրանսիայի դեսպանություն՝ ի պաշտպանություն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին Ֆրանսիայի Սենատի բանաձեւի, որը կքննարկվի այսօր: