Ալիևն իր դժգոհությունն է հայտնել Պուտինին Ռուբեն Վարդանյանի հետ կապված
Ադրբեջանական կողմը խիստ վրդովված է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում լինելու փաստից: Ադրբեջանական լրատվամիջոցները լծվել են նրան քրեական օլիգարխ, կեղտոտ ճանապարհով հարստացած նարկոբարոն ներկայացնելու գործին: Իսկ վերջերս Արցախի Հանրապետությունում բարձր եւ պատասխանատու պաշտոնում պետնախարար նշանակվելն ավելի է գրգռել ադրբեջանցիներին: Նրանք վստահ են, որ Վարդանյանը ռուսական պրոյեկտ է, ասպարեզ է իջեցվել «ռուսական հատուկ ծառայությունների» կողմից: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Լրատվականը նշում է, որ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը գրում է.
««Վարդանյան նախագիծը» մոդելավորել ու գործնականում իրականացրել են ռուսական հատուկ ծառայությունները։ Իսկ դա Բաքվի համար կրկնակի տագնապալի է, քանի որ Մոսկվան ուշադրությամբ հետեւել է ղարաբաղցի հայերի հետ ադրբեջանական կողմի առաջին շփումներին։ Կառուցվեցին կամուրջներ, զարգացավ երկխոսություն, կազմվեցին ապագայի երկնային պլաններ։ Ղարաբաղահայությունը լրջորեն քննարկել և խորհել է ադրբեջանական հասարակությանը լիարժեք քաղաքացիների իրավունքներով վերաինտեգրվելու այլընտրանքի մասին։ Բայց միանգամայն անսպասելիորեն` բանակցային գործընթացի արանքում ռուսական հատուկ ծառայությունները գործարկեցին «Ռուբեն Վարդանյան» նախագիծը։ Եվ, իհարկե, այս նախագիծը նպատակ ուներ կոտրել ադրբեջանական խաղը…. Ադրբեջանը վճռական է տրամադրված և ոչ մի դեպքում թույլ չի տա վերարտադրել 1990-ականների սկզբի սցենարը։ Վոլսկին, Քոչարյանը, Սարգսյանը և այլ քաղաքական շղարշներ մնացել են հրեշավոր պատմական քիմերայի փլատակների տակ»։
Իսկ Արայիկ Հարությունյանի մասին ադրբեջանական ԶԼՄ-ն գրում է.
«Հարությունյանը կատարել է իր վերջին առաքելությունը. հայ մավրն իր գործն արել է, հիմա խաղից դուրս է: Ըստ հավաստի տեղեկությունների՝ մոտ ապագայում Արայիկ Հարությունյանը կլքի ռուսական ազդեցության գոտին ու կլքի ղարաբաղցի անջատողականների ղեկավարությունը։ Բայց դա նրան ամենևին չի ազատում Ադրբեջանի հանդեպ պատասխանատվությունից։ Պաշտոնական Բաքվի ցուցակներում Հարությունյանը շարունակելու է ներառվել որպես ռազմական հանցագործ»։
Զավեշտն այն է, որ «ռազմական հանցագործ» տերմինն օգտագործվում է Արցախի ու Հայաստանի նկատմամբ պատերազմական հանցագործությունների գերռեկորդ սահմանած երկրում, իսկ ռազմական հանցագործ են անվանում տուժած երկրի ղեկավարին, որի հանդեպ կատարվել են այդ պատերազմական հանցագործությունները:
Ըստ լրատվականի` Սոչիում կայացած վերջին երկկողմ հանդիպմանն Ալիեւն առիթը բաց չի թողել եւ Պուտինին հայտնել է իր դժգոհությունը Ղարաբաղում Ռուբեն Վարդանյանի ակտիվացման կապակցությամբ։ Պուտինը պատասխանել է, որ ոչինչ չգիտի Ռուբեն Վարդանյանի` Արցախում հայտնվելու մասին։