«Անտեղյակության, անորոշության մեջ դանդաղ մահանում ենք». անհետ կորած զինվորի ծնող. «Hetq»

2020թ․-ի արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Ավդալյանների ընտանիքի կրտսեր որդին՝ Շավարշը  զինկոմիսարիատից ծանուցագիր էր ստացել։

«Պավեստկա էր ստացել,  ներկայացել էր, տարել էին սկզբում Էջմիածին, հետո՝ Մեղրի, Կապան ու վերջում՝ հոկտեմբերի 21-ին Զանգելան են տարել ավտոբուսներով ու հանձնել թշնամուն»,- պատմում է հայրը՝ Բարսեղ Ավդալյանը։ Այս մասին գրում է «Hetq»-ը:

Պատերազմի առաջին օրերից Դալարիկ գյուղից Շավարշ Ավդալյանը և համագյուղացի Ռուդիկ Ալեքսանյանը մեկնել են Էջմիածին, որպես  ՌՔԿՊ (ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության) զորքերը համալրող պահեստազոր։ Հոեկտեմբերի 14-ից եղել են Կապանի զորամասում։ 

 

Հոկտեմբերի 20-ին Կապանի զորամաս է ժամանել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ հրամանատարական կազմին ներկայացրել է իրավիճակը․ «Մի քանի կիլոմետրի վրա գտնվող Կովսական քաղաք ներթափանցել են ադրբեջանական խմբեր, հարկավոր է մի քանի խմբով մտնել, հայտնաբերել և ոչնչացնել թշնամու ստորաբաժանումները»։

«Սանրման աշխատանքներ՝ Կովսականի տարածքում» պայմանական անվանմամբ մարտական առաջադրանքի համար նուն օրը ձևավորել են 62 հոգանոց երկու խումբ։

Մի խումբը  պետք է շարժվեր Ներքին Հանդի, իսկ մյուսը՝ Կովսականի (Զանգելանի) ուղղությամբ։ Շավարշ Ավդալյանը երկրորդ խմբի մեջ էր, հոկտեմբերի 21-ի առավոտյան ժամը 6-ին երկու խմբերը դուրս են գալիս Կապանի զորամասից։ Նախնական պայմանավորվածության համաձայն, խմբերը «Կիրի հանք» կոչվող տեղամասում պիտի սպասեին հրամանի, սակայն, դեռեւս չպարզված հանգամանքներում, դեպի Կովսական գնացող խումբը փոխգնդապետ Արսեն Աբգարյանի հրամանատարությամբ, երեք ավտոբուսով շարժվում է դեպի Կովսական քաղաքի դպրոց։ Ժամը 07։00-ին՝ դպրոցից (որի վրա արդեն ադրբեջանական դրոշ է եղել) 500 մ հեռավորության վրա հայտնվել են շրջափակաման մեջ, մարտի են բռնվել։ 62 հոգանոց խմբից փրկվել է միայն 22-ը, մնացածը զոհվել են, անհետ կորել կամ գերեվարվել։ Շավարշ Ավդալյանն անհետ կորածների ցուցակում է։ Փրկված հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանն անհետ կորածի ծնողներին պատմել է, որ վերջին անգամ Շավարշին տեսել է երկու զինակիցների հետ, դեպքի վայրի մոտակա թմբի ետևում՝ մարտ վարելիս։

«Գեներալ Անդրանիկ Մակարյանը էրեխեքին խաբել է, ասել է երկու ժամվա գործ ա, գնում ենք, գանք։ Իրանք պետք է կանգնեին Կիրի հանքի մոտ, ռազվեդկեն գնար, ռազվեդկա աներ, գար, բայց չեն կանգնել, գնացել, տարել են թուրքի բերան։ Էրեխեքին ջարդել կոտորել են, որ ասեն Զանգելանը կռվով են կորցրել, որ ասեն՝ Նիկոլը չի տվել»,- պատմում է Շավարշի հայրը։

 

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո քրեական գործ է  հարուցվել 2020թ․ հոկտեմբերի 21-ին Կովսականում տեղի ունեցած դեպքերի առթիվ։

Քրեական գործում որպես մեղադրյալներ ներգրավված է 4 հոգի՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

«Անտեղյակության, անորոշության մեջ՝ անհետ կորածների ծնողներով մենք դանդաղ մահանում ենք, երկու տարի է՝ ոչ մի բան չեն ասում, ոչ մի բան չեն անում»․- ասում է Շավարշի մայրը՝ Հասմիկ Ավդալյանը։

Ավդալյանների ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում, ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ։ 

«Վարկ էինք վերցրել, գյուղում սպանդանոց սարքել, ձեռնարկությունը տղայիս՝ Շավարշի անունով է։ Ամեն ինչ պատրաստ է, կարող ես դուռը բացել ու սկսել, բայց չենք աշխատացնում, սպասում ենք տղայիս, հավատում եմ, որ կգա»,-ասում է Բարսեղ Ավդալյանը։

Քաղաքականություն

Պատահարներ