ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի, Պուտինի, Ալիևի համատեղ հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվը Սոչիում ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը ակտիվ նախապատրաստվելու կարևորությունը։
Հայտարարության ամբողջական տեքստը՝ ստորև․
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում և քննարկեցինք 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ.-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
Վերահաստատեցինք նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանման հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։ Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ:
Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։
Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։
Ընդգծեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան:
Շեշտեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը»,-ասված է համատեղ հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպումից հետո
Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը համատեղ հայտարարություն են համաձայնեցրել։ Անկեղծ պետք է ասեմ՝ ամեն ինչ չէ, որ հաջողվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նստեք Ալիևի հետ, խնդրեք Պուտինին, որոշում կայացրեք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ պատասխանել է Հայաստա...
Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպումը մեկնարկել է, առանձին հանդիպում են ԱԳՆ ղեկավարները. Պեսկով
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակ...
Վաղը կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը. ինչ է սպասվում
Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառ...