«Որպես ՀՀ պաշտպանության նախարար, գտնում եմ, որ պետք է օգտագործենք աշխարհասփյուռ հայության ողջ ներուժը». Պապիկյան
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները պահանջում են ողջ հանրության ջանքերի և կարողությունների կենտրոնացում։
«Ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո փոխվել է ոչ միայն տարածաշրջանային ուժային բալանսը, այլև՝ միջազգային անվտանգության ճարտարապետությունը»,-ասաց նախարարը։
Ըստ Պապիկյանի՝ պայմանավորված աշխարհում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներով, նոր պատերազմներով, լարվածության օջախներով՝ այդ ռազմական սպառնալիքները պահանջում են ինչպես պետության կողմից զինված ուժերի պատրաստվածության բարձր մակարդակի ապահովում, մարտունակությանն ուղղված հետևողական գործունեություն, այնպես էլ՝ Սփյուռքի լայնածավալ աջակցություն և ներգրավվածություն՝ տարբեր հարթություններում մեր երկրի պաշտպանունակությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով։
«44-օրյա պատերազմից հետո զինված ուժերում իրականացվել է պատերազմից քաղված դասերի վերլուծություն, որի հիման վրա մեկնարկել է ԶՈՒ-ի համակողմանի բարեփոխման գործընթաց. զինված ուժերի պատրաստությանը, գործունեությանն ու ապահովմանն առնչվող ոլորտները ենթարկվում են արմատական փոփոխությունների, որոնք ուղղված են բանակը վերափոխելու, արհեստավարժ, մոտիվացված, արագաշարժ, ժամանակակից սպառազինությամբ և պատերազմական ճկուն գործիքակազմով բանակին»,- նշեց նա։
Պապիկյանն ասաց, որ օրենսդրական փոփոխությամբ հիմքեր են ստեղծվել պարտադիր ծառայության համակարգից դեպի արհեստավարժ բանակ անցում կատարելու համար։
«Առաջիկայում մենք օրենսդրական այդ փաթեթը կներկայացնենք Ազգային ժողովին, հավանություն ստանալուց հետո հունվարի 1-ից կմտնի գործողության մեջ»,- հայտնեց Պապիկյանը:
Նա վստահեցրեց, որ շարքային և սպայական կազմի պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվել են մի շարք փոփոխություններ ռազմական կրթության համակարգում, գործարկվել են մի շարք ծրագրեր՝ ուղղված զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը։
«Պատերազմը և դրան հաջորդող ժամանակահատվածը, միջազգային և տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ ՀՀ-ի անվտանգության ապահովման համար սեփական ռազմական արդյունաբերություն ունենալը հրամայական է: Գիտական, մասնագիտական, կրթական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Սփյուռքի հսկայական ներուժի նպատակային ներգրավումը, պաշտպանության և անվտանգային կարիքների հաշվառմամբ, կարող է նշանակալիորեն բարձրացնել Հայաստանի պաշտպանության և անվտանգային համակարգերի մակարդակը։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ միավորենք մեր ջանքերը ողջ հայության ռեսուրսներն ու կարողությունները՝ հայրենիքի հուսալի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով։ Որպես ՀՀ պաշտպանության նախարար, գտնում եմ, որ պետք է օգտագործենք աշխարհասփյուռ հայության ողջ ներուժը, համագործակցության նոր եզրեր փնտրելու և համատեղ նախագծերին համակարգված բնույթ տալու համար»,- եզրափակեց պաշտպանության նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...