Գերմանիայի նախագահն իր քաղաքացիներին կոչ է արել համակերպվել ճգնաժամի և սահմանափակումների հետ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գերմանացիներին կոչ է արել սովորել համեստ ապրելակերպի: Այս մասին հայտնում է Kp.ru-ն՝ նշելով, որ Գերմանիայի նախագահն այս մասին խոսել է Բեռլինում քաղաքացիներին ուղղված ելույթի ժամանակ։
«Մի բան պարզ է. առաջիկա մի քանի տարիներին մենք ստիպված կլինենք հաշտվել սահմանափակումների հետ: Շատերը դա վաղուց են զգում: Յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա այնտեղ, որտեղ կարող է: Այս ճգնաժամը պահանջում է, որ մենք նորից սովորենք համեստ լինել»,- ասել է նա:
Նախագահը նաև հավելել է, որ պետությունը աջակցություն և օգնություն կտրամադրի այն մարդկանց, ովքեր կհայտնվեն ծանր վիճակում։
«Ես գիտեմ, որ նույնիսկ մեր հարուստ երկրում շատերը չեն կարող առանց օգնության, քանի որ նրանց ողջ առօրյան արդեն իսկ բաղկացած է սահմանափակումներից: Այս ճգնաժամը ազդում է այն մարդկանց վրա, ովքեր նույնիսկ մինչև (հակամարտության) սկիզբը ստիպված էին ամեն օր պայքարել, որ ծայրը ծայրին հասցնեն իրենց երեխաների լավ կյանքի համար: Այս ճգնաժամը հարվածում է բիզնեսներին, ինքնազբաղվածներին, խանութներին, որոնք լավ էին աշխատում, բայց այժմ պայքարում են մատակարարման շղթայի խափանումների և էներգիայի բարձր գների դեմ», - ասել է Շտայնմայերը:






























