Սպասելի էր և տեղին. Հրաչյա Հակոբյանը՝ Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու մասին

 Եթե այլ երկրի քաղաքական գործիչը միջամտում է մեր ներքին քաղաքական կյանքին և անում է հայտարարություններ, որ, օրինակ, վարչապետը պետք է հրաժարական տա, կամ միջամտում է այլ քաղաքական հարցերին, կարծում եմ, որ նման քայլը սպասելի էր և տեղին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելուն, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

 

«Ես ոչ միայն տեղին եմ համարում, այլ նաև արդեն ասացի, թե ինչու եմ տեղին համարում։ Մենք ունենք մեր ներքին քաղաքական կյանքը և ցանկալի չէ, որ այլ երկրի քաղաքական գործիչ միջամտի մեր ներքաղաքական կյանքին։ Որքան գիտեմ՝ Զատուլինի կողմից մեկ հայտարարություն չի եղել, տարբեր առիթներով նա փորձել է միջամտել ներքաղաքական կյանքին։ Ինչու մենք պետք է թույլ տանք, որ որևէ օտար երկրի քաղաքացի, առավել ևս պաշտոնյա խառնվի մեր ներքաղաքական կյանքին»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ այդ հարցը խմբակցությունում չեն քննարկել։

Քաղաքականություն