Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ առաքելության՝ Երևան գործուղմանը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) առաքելության խմբի՝ Հայաստան ուղարկելու կապակցությամբ հարկ է նշել, որ նման առաքելության հարցը երբեք չի քննարկվել ԵԱՀԿ որևէ հավաքական մարմնի կողմից, որը որոշում է կայացնում, և այդ կապակցությամբ որևէ որոշում չի կայացվել: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն: Փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

«Որևէ խումբ, որը կոչվում է «Հայաստանի կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն», չունի ԵԱՀԿ մանդատ, ոչ մի կերպ չի կարող կապված լինել ԵԱՀԿ-ի հետ»,-նշում են ագրեսոր երկրից:

 

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի` Հայաստանի կողմից առաջ քաշված այս միակողմանի նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան մի քանի մասնակից պետությունների խմբի անձնական այց, եւ նման այցի ցանկացած արդյունք կգնահատվի համապատասխանաբար:

 

Բաքուն կարծում է, որ նման խումբ Հայաստան ուղարկելը լուրջ հարցեր է առաջացնում։ 

 

«Այս քայլը լուրջ հարցեր է առաջացնում՝ հաշվի առնելով, որ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիան դադարեցնելու և դրա ծանր հետևանքները վերացնելու ջանքերը և նույնիսկ հայ-ադրբեջանական նախկին հակամարտության հետ չկապված առաքելությունների շրջանակներում ջանքերը մշտապես կասեցվել են ԵԱՀԿ կողմից՝ վկայակոչելով կոնսենսուսի սկզբունքը։ Փաստն այն է, որ 2005 և 2010 թվականներին Ադրբեջանի այն ժամանակվա օկուպացված տարածքներ ԵԱՀԿ երկու առաքելությունների համար Հայաստանի ակնհայտ ապակառուցողական դիրքորոշման պատճառով տարիներ պահանջվեցին ԵԱՀԿ շրջանակներում կոնսենսուսի համաձայնեցման համար։ Հաշվի առնելով Ադրբեջանի օկուպացված տարածքներում ապօրինի գործունեության անհամար փաստերը, այդ թվում՝ այդ տարածքների ապօրինի բնակեցումը, մինչև 2020 թվականը Ադրբեջանի հերթական նման առաքելության մասին դիմումը կրկին տեղի չունեցավ Հայաստանի դիմադրության արդյունքում։ ԵԱՀԿ նախագահության եւ քարտուղարության նման միակողմանի գործողությունները, ի միջի այլոց, հակասում են ցանկացած պատասխանատու եւ հուսալի միջնորդության եւ վստահության կառուցման հիմնական սկզբունքներին, որոնք պահանջում են կողմերի համաձայնությունը, միջնորդների անաչառությունը եւ միջազգային իրավունքից բխող պետությունների պարտավորությունների կատարումը», - ասված է ագրեսոր երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն