ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կառավարությունում ի՞նչ են պատկերացնում». մեքենաների վաճառքով զբաղվողները դեմ են նոր որոշմանը
Էրեբունիի ավտոշուկայում երկար տարիներ ավտոմեքենաների վերավաճառքով զբաղվող քաղաքացիները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք Կառավարության որոշման ըստ որի՝ պետք է կառուցվի 5 հեկտար տարածք ընդգրկող նոր ավտոշուկա։
Ըստ կառարավարության՝ այդ ավտոշուկայում պետք է լինեն նաեւ ոստիկանական եւ մաքսային կետեր, որպեսզի տեղում հնարավոր լինի մաքսազերծել ավտոմեքենան։ Պետք է լինի հնարավորություն նաեւ հաշվառվելու եւ պետհամարանիշներ ստանալու։ Առեւտրականնները, սակայն, կարծում են, որ նման փոփոխությունների համար պետք չէ նոր ավտոշուկա կառուցել։ Այդ ամենը հնարավոր է անել նաեւ իրենց ավտոշուկայում։
«Մեր ավտոշուկան գործում է 20 տարուց ավելի, այն շատ մեծ է, այստեղ ամեն հարմարություն կա, կարող են իրենց պատկերացրած մաքսային եւ ոստիկանական կետերը տեղադրել։ Ի՞նչն է խնդիրը։ Իրենք ուղղակի հավանաբար ցանկանում են ինչ-որ մեկի բիզնեսը զարգացնել»,- ասաց ավտոմեքենաների վերավաճառմամբ զբաղվող քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիները մտավախություն ունեն, որ շուկան հնարավոր է լինի քաղաքից դուրս, ինչի հետեւանքով իրենք ստիպված կլինեն հավելյալ ծախսեր անել։
«Այստեղ վաճառքով զբաղվող քաղաքացիների մեծ մասը Երեւանից է։ Կառավարությունում ի՞նչ են պատկերացնում։ Ես այստեղ վաճառում եմ չորս մեքենա։ Իմ չորս մեքենաները պետք է տեղափոխեմ օրինակ՝ Արտաշա՞տ, գա՞մ քաղաք, գնորդներն էլ պարբերաբար զանգե՞ն ու ես ստիպված վերադառնա՞մ»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Քաղաքացիները նշեցին, որ իրենք անգամ պատրաստ են բողոքի ակցիա անել, ավտոմեքենաներով փակել ճանապարհը, որովհետեւ ավտոշուկայից դուրս գալ չեն ուզում։
Մանրամասները՝ տեսանյութում: