«Միքայել Արզումանյանից առաջ Ջալալ կա, Օնիկ Գասպարյան կա»․ Գալեյան

 Այսօր այն օրերից մեկը պետք է լինի, որպեսզի գլխավոր դատախազը ոչ թե լինի Նիկոլ Փաշինյանի անձնակն օգտագործման դատախազը, այլ լինի հանրության դատախազը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, Գլխավոր դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

 

«Գլխավոր դաստախազը ընդամենը երկու օր ժամանակ ունի, որպեսզի ձերբակալի Նիկոլ Փաշինյանին եւ Դավթյանների ընտանիքի վրայից հանի դավաճանի պիտակը:  Միեւնույն է, ինքը դատապարտվելու է, որովհետեւ այս դավաճանության օժանդակում է:

Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը վաղը մեկնում է Բրյուսել՝ հանդիպման։ Բայց նա չպետք է ներկայացնի հայ ժողովրդին, նա դրա իրավունքը չունի։ Մենք պահանջում ենք, որ գլխավոր դատախազը կանխի նրա գործողությունները, այն էլ՝ որքան հնարավոր է շուտ»,- ասաց նա:

 

Գալեյանի խոսքով՝ վաղը վարչապետը ինչ-որ այլ փաստաթուղթ կստորագրի, որի հետևանքով «կսկսենք Հայաստանից տարածքները տալ»։

«Եթե սատանան էլ դուրս գա այս իշխանության դեմ պայքարելու, ես կանգնելու եմ նրա կողքը, որովհետեւ եթե վաղը իմ երեխան հարցնի, թե ով պատասխան տվեց ապերի մահվան համար, ես պատմելու բան չեմ ունենալու:

Ես չեմ կարծում, որ դատախազությունում բոլորը Արթուր Դավթյանի նման անողնաշար են: Քանի որ Արթուր Դավթյանը ցուցում է տվել հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, բայց քննչական կոմիտեն արհամարհում է, կամ էլ վերցրել հանցակազմի բացակայությամբ մերժել է դավաճանությունը»,-ասաց Գարիկ Գալեյանը:

 

Նա նաեւ նշեց, որ ինքը ՔԿ-ում հարց է տվել, թե արդյոք Ջալալ Հարությունյանին կանչել են, հարցաքննել են. «ԱԺ ամբիոնից թիվ մեկ դավաճանը հայտարարեց, որ տեղյակ էին, որ պատերազմ է լինելու: Հարց տվե՞լ եք, ամբողջ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 26-ին ինչո՞ւ ես պերեսմենկա արել, այլ ոչ թե անցնել պաշտպանության, զորքին ինչի ես բերել տեղավորել զորանոցներում»:

Անդրադառնալով նրան, որ ժամեր առաջ ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, զոհվածի հայրն ասաց.

 

 «Միքայել Արզումանյանից առաջ Ջալալ կա, Օնիկ Գասպարյան կա»:

 

Ավելի վաղ հայտնել էինք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։ Ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշում կայացնել:

Քաղաքականություն

Պատահարներ