Օրվա լրահոս

«Սուրմալու» առևտրի կենտրոնի այն վայրից, որտեղ քիչ առաջ լսվել էին մարդկանց ձայներ, դեռ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, սակայն ցավոք սրտի դեռ արդյունք չունենք, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

 

Հարցին, թե հավանականությունը որքանով է մեծ, որ փլատակների տակ մնացած քաղաքացիները կարող են ողջ լինել, փոխնախարարն ասաց․«Ցավոք սրտի, հավանականությունը փոքր է, որ մենք փլատակների տակից կարող ենք հայտնաբերել ողջ քաղաքացիների, բայց հուսանք, որ դա տեղի կունենա այնուամենայնիվ»։

 

Հարցին, թե ինչ բարդությունների կան փրկարարական աշխատանքներում, Արտյուշ Գրիգորյանն ասաց, որ փրկարարական աշխատանքներին խոչընդոտում է առաջին հերթին այրված շինության առկայությունը, ԱԻՆ–ը շենքի բոլոր կողմերից իրականացնում է փրկարարական աշխատանքներ, քանի որ շինության ներսում ևս կարող են լինել կորած քաղաքացիներ։

 

«Բայց քանի որ շենքը ցանկացած պահի կարող է փլուզվել, հետևաբար դա որոշակի բարդություններ է առաջացնում։ Դրան զուգահեռ ամբողջ տարածքը լեփ–լեցուն է փլատակներով,  երկատբետոնե կոնստրուկցիաներով, տեղաշարժվելը բավականին բարդ է, մենք անհրաժեշտություն ունենք այնտեղ ավելի ծանր տեխնիկա աշխատեցնելու, աշխատանքներն ավելի ինտենսիվ դարձնելու համար, բայց միևնույն ժամանակ ինքներդ հասկանում եք, որ փլատակների մեջ կարող են մարդիկ լինել, ինչը որոշակի նրբություններ և բարդություններ է առաջացնում։ Հետևաբար՝ ծանր տեխնիկային զուգահեռ, նաև մարդու ձեռքերն են աշխատում»,– ասաց նա։

 

Հարցին, թե արդյոք այլ երկրներից օգնություն խնդրելու անհրաժեշտություն կա, փոխնախարարը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ԱԻՆ-ի ռեսուրսները բավարարում են։

Արտյուշ Գրիգորյանը նաև ասաց, որ կամավորներին ներգրավում են փրկարարական աշխատանքներում, սակայն խուսափում են նրանց ներգրավել ավելի պորֆեսիոնալ հմտություններ պահանջող գործողություններում, քանի որ կամավորները աշխատանքի ընթացքում կարող են իրենք իրենց վնասել։

Փոխնախարարը նաև դժվարացավ ասել, թե դեռ կոնկրետ քանի օր կշարունակվեն աշխատանքները, թեև նշեց, որ դրանք դեռ մի քանի օր կտևեն։ «Վաղը՝ օրվա երկրորդ կեսին, մենք արդեն որոշակի պատկերացում կունենանք, թե գոնե մոտավորապես երբ կարող ենք ավարտել փրկարարական աշխատանքները»։

 

Վերջին նորություններ