
Պարզվել է ողբերգական ավտովթարի հետևանքով 3 մահացածների և 4 վիրավորների ինքնությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է օգոստոսի 9-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ ռուսական համարանիշներվ «Ֆրիգիտլիներ» մակնիշի բեռնատարը, որի վրա եղել է կցորդիչ, վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 38-ամյա Արթուր Ջաբիևը։ Իսկ Opel-ը վարել է Արթիկ քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Աշոտ Քոչարյանը։
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Քոչարյանը, նրա ուղևորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչներ, 74-ամյա Սամվել Հաջաթյանն ու 69-ամյա Անիչկա Հաջաթյանը տեղում մահացել են, իսկ ուղևորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 26-ամյա Արման Մաթևոսյանը, Երևանի բնակիչ՝ 50-ամյա Արմենուհի Բաղդասարյանը և բեռնատարի վարորդ Ա. Ջաբիևը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի «Արմենիա» ԲԿ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել էին Opel-ն և ռուսական համարանիշներով բեռնատարը։