
Ե՞րբ է Ադրբեջանը ծրագրում լայնամասշտաբ պատերազմ. Հոխիկյան

Ադրբեջանը ձգտում է Արցախի տարածքում գտնվող կարեւորագույն բարձրունքներին տիրանալ, որպեսզի 2025 թվականին, երբ տեղի ունեն լայնամասշտաբ պատերազմ, կարողանա հեշտությամբ գրավել Արցախը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը:
Նրա խոսքով՝ անգամ եթե Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ ցամաքային կապը փոխված լիներ այն ճանապարհով, որը հիմա կառուցվում է՝ Կոռնիձորից դեպի Բերդաձորի ենթաշրջան՝ Մեծ Շեն, Հին Շեն գյուղեր, ապա միեւնույն է, Արցախում տիրելու էր նույն վիճակը, ինչ հիմա է:
«Օգոստոսի 1-ից սկսած Ադրբեջանը մի քանի ուղություններով փորձում է տեղային հարձակումներ իրականացնել, իսկ այդ տեղային հարձակումներն էլ տեղի են ունենում հեռահար մարտերով՝ օգտագործելով հիմանականում ականանետ: Հետախուզությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի առաջնագծային զորքերն այս պահին զինված են թեթեւ տեսակի զենքով: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմի միտում եւ հնարավորություն չունի»,-ասաց Հոխիկյանը:
Հոխիկյանը հավելեց, որ վերջին ամիսներին Ադրբեջանի ծանր զինտեխնիկան ուսումնասիրելիս եկել են այն եզրակացության, որ Ադրբեջանը դեռեւս չի կարողացել վերականգնել իր կորցրած զինտեխնիկան:
Նա նշեց, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ժամանակ կորցրել է իր ծանր զինտեխնիկայի ավելի քան 75 տոկոսը:
Նաիրի Հոխիկյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը՝ Թուրքիայի համաձայնությամբ, գործի է դնում «շանտաժի» լեզուն:
«Ադրբեջանի հիմնական թիրախը Արցախի տարածքում գտնվող բարձունքներն են: Այս օրերին Ադրբեջանը ձգտում է վերցնել մի քանի կարեւորագույն բարձունքներ: Դրանցից մեկը Նարեշտարի բարձունքն է: Նարեշտարն Արցախի արեւմտակենտրոնական հատվածում է: Նույն օրերին ադրբեջանցիները փորձեցին տիրանալ Հաթերքի բարձունքին: Իսկ երեկ էլ փորձեցին տիրանալ Եղցահողի մոտ գտնվող բարձրունքին, որը ադրբեջանցիները անվանում են Սարիբաբա: Այս բարձունքը շատ մեծ նշանակություն ունի, եթե Ադրբեջանը տիրանա այդ բարձունքին, ապա Շուշիի շրջանի ամբողջ հատվածը կանցնի նրանց վերահսկողության տակ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այդ սադրանքների հետեւանքով հայկական կողմն ունեցել է մեկ վիրավոր՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
Արցախում Ադրբեջանական կողմի սադրանքները շարունակվել են նաեւ նախօրեին՝ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած։ Ադրբեջանական ԶՈՒ-երը կոպտորեն խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետեր եւ հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով զոհվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը եւ Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եվս 19 զինծառայող ստացել են վիրավորումներ։ Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ Պաշտպանության բանակն այսօր հայտնել է, որ օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը եւ առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին ասել է, որ Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապը։
«Այո, մենք այս ընթացքում այսօր էլ պատարստ ենք այդ կապն ապահովել: Էդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք հատեք Հայաստանի սահմանը եւ գնացեք Ադրբեջան»,- մասնավորապես նշել է Փաշինյանը։
Փաշինյանը նաեւ նշել է, որ Ադրբեջանն օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, որի վերաբերյալ այս պահին եռակողմ որեւէ պլան չկա։
«Այս պահի դրությամբ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որեւէ պլան գոյություն չունի եւ մենք մի քանի անգամ առաջարկել ենք, հիմա էլ առաջարկում ենք դա անել, այսինքն հաստատել եռակողմ ֆորմատով պլան»,- ասել է Փաշինյանը։