Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, բայց ընթացքը չի ապահովվում
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Հենց նոր խոսեցի Վահագն Վերմիշյանի հետ և տեղեկացա, որ Վ. Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովվում: Արվում է ամեն ինչ, որպեսզի քողարկվի առողջական վիճակի սրացումները»,- գրել է նա:
Կոչուբաևը արդարադատության նախարարությանը կոչ է արել «անիմաստ տեքստեր հրապարակելու փոխարեն» ապահովել Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց։ «Ճնշումը չափելով գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ հայտնել է, որ Վահագն Վերմիշյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրաժարվել է բուժօգնությունից, այդ մասին կազմվել է արձանագրություն։






























