
Բորիս Ջոնսոնը կարող է ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար դառնալ

Բրիտանական Պահպանողական կուսակցության բարձրաստիճան անդամները կողմ են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի թեկնածությանը, երբ այդ բարձր պաշտոնը թափուր դառնա, գրում է The Telegraph-ը։
Ջոնսոնը որպես առանցքային պաշտպանական պաշտոնի թեկնածու է դիտարկվում, քանի որ հաջորդ սեպտեմբերին սպասվում է, որ ՆԱՏՕ-ի գործող ղեկավար Յենս Սթոլթենբերգը կհեռանա պաշտոնից:
Ջոնսոնն ամենավերջին բրիտանացի քաղաքական գործիչն է, ում դիտարկում են այդ պաշտոնի համար` պաշտպանության նախարար Բեն Ուոլեսից եւ նախկին վարչապետներ Թերեզա Մեյից եւ Դեյվիդ Քեմերոնից հետո:
Այդ դերի կատարման ժամկետները Ջոնսոնին որոշ ժամանակ կտան ուժերը վերականգնելու համար, երբ նա լքի վարչապետի պաշտոնը սեպտեմբերի 6-ին, նշում է պարբերականը:
Պաշտոնը ստանձնելու համար նա պետք է հրաժարվի խորհրդարանի պատգամավորի պաշտոնից։
Ջոնսոնին արդեն երկար ժամանակ է առաջարկվում այդ պաշտոնը՝ Եվրամիության ցանկացած գործչի նկատմամբ ԱՄՆ անվստահության պատճառով՝ հաշվի առնելով ԵՄ նոր բանակ ստեղծելու պլանների մասին բազմաթիվ շահարկումները:
Բրիտանիային վստահում են նաեւ Բալթյան երկրները, իսկ Ջոնսոնն անձամբ միջազգային համբավ է ձեռք բերել՝ օգնելով Վլադիմիր Պուտինի դեմ միջազգային կոալիցիայի ստեղծմանը:
Պահպանողական պատգամավոր Ռիչարդ Դրաքսը, ով պաշտպանության հանձնաժողովի անդամ է, ասել է, որ կաջակցի վարչապետին, եթե նա ցանկանա զբաղեցնել այդ պաշտոնը:
«Ցանկացած նշանավոր բրիտանացի հիանալի ընտրություն կլիներ: Եթե դա իսկապես այն է, ինչ ուզում է անել Բորիս Ջոնսոնը, ես, իհարկե, կաջակցեի նրան»,- ասել է նա պարբերականին: